Պահ մը ետքը Բուբուլ իր հորը հետ դրան սեմին վրա երևաց: Շատ սիրուն արդուզարդ մը ըրեր էր իր բարեկամուհիին ի պատիվ:
Ոսկեգույն ծաղիկներով բաց կապույտ ֆուլարե շրջազգեստ մը հագած էր, որուն վետվետուն ծալքերը մեջքին վրա փոթփոթված, շնորհալի հասակին երկայնությամբը կ'իյնային հուլորեն: Ոսկեփայլ մազերը ծոծրակեն դեպի վեր ժողվված և գլխուն գագաթը ամփոփված էին: Մինչև դաստակները հասնող Թեզանիքին ժանյակներուն մեջեն բոլորշի բազուկները դուրս կ'ելլեին կամելյակի թերթերու բաբախուն սպիտակությամբ: Աչքերը, որ իր մազերուն գույնին կը համապատասխանեին այդ պահուն, շողով ու ժպիտով փայլուն երկու աստղեր էին, որոնց քաղցրությունը անասելի բոցի մը հետ խառնըվելով, անդիմադրելի հրապույր մը կ'ստանար: Մութ խարտյաշ կամարաձև հոնքերը թագուհիի մը վես նայվածքը կուտային անոնց, երկու շարք քումայթ թարթիչներու հետ, որոնք ստվեր կը ձգեին արշալույսի պես թարմ այտերուն վրա: Բերանը նուռին ծաղիկ մըն էր, անոր չափ սիրուն, անոր պես փայլուն, որ այտերուն, աչքերուն և վարսերուն հետ գոգցես գույն կուտար ու կ'առներ: Այս աղջիկը ամբողջ շող էր ու նրշույլ. վայրկյանե վայրկյան նվաղելու և բոցավառելու հակամետ զգացումներու հրեշտակն էր կարծես: Գարուն, ժպիտ, բանաստեղծություն կը միանային այս հմայիչ էակին վրա, երբ մտավ սրահեն ներս:
Գումարյան զարմացման շարժում մը չկրցավ զսպել, և փոխնիփոխ ածելով նայվածքը պատկերին զոր դիտեր էր պահ մը առաջ, և անոր տիպարին՝ որ Բուբուլն էր, թեթևակի կարմրեցավ:
Սոֆի ներկայացուց ամենքը իրարու շատ սրտառուչ բառերով:
— Ես ալ իմ ուրախությունս կը խառնեմ Սոֆիին հրճվանքին, ըսավ պ. Գեղամոֆ այնպիսի արտասանությամբ մը, որմե կը հասկցվեր, թե ռուսահայ մըն էր ան երկար ատենե ի վեր Պոլիս հաստատված: