երբ հանդիպեցավ Բուբուլին մորաքրոջը, որ իր ջերմիկ սիրովը տիրեց անոր սրտին և ստացավ անոր անունն ու հոգին:
Նորապսակ տիկին Գեղամոֆ արժանի էր արդարև այդ վեհ և մաքուր սրտին, վասնդի անձնվեր ամուսին մը ըլլալե զատ, ճշմարիտ գորովագութ մայր մը եղավ փոքրիկ Տիգրանին, չունենալով ուրիշ իղձ մը կատարելապես երջանիկ ըլլալու համար, բայց եթե քույր մը տալ որբ տղեկին:
Իր ամուսնությունեն ի վեր երեք տարի անցեր էր արդեն առանց իր այս եռանդուն բաղձանքին հասնելու և այս երկարատև զրկումը ցավի փոխած էր իր տենչը: Ուստի դյուրին է գուշակել թե քանի մեծ եռանդով փարեցավ իր վաղամեռիկ քրոջը երեխային, անոր գերեզմանին վրա թափած արցունքեն գոգցես հույսի ծաղիկ մը փթթեցավ իրեն համար:
Սգավոր քույրը քիչ մը ատեն ետքը, հրաժեշտ կուտար այն արտասվալից վայրերուն, իր հետը տանելով մանկիկը, զոր անոր հայրը հոժարությամբ հանձնեց իրեն:
Դեռափթիթ աղջիկը մեծ ուրախություն բերավ Գեղամոֆի պերճ տանը մեջ. տասը տարեկան էր այն ատեն Տիգրան և շատ կը ձանձրանար խաղի ընկեր մը չունենալուն համար. մեծ ցնծությամբ ողջունեց այդ քնքույշ հրեշտակին գալուստը որ փոքրիկ թևերը իրեն կարկառելով կը ժպտեր:
Խանդակաթ ամոլը հրճվելով այս սրտառուչ տեսարանեն, չէր հագենար գգվելե երկու մանուկները, որոնց ակնարկի ու ծիծաղներուն շողքը կը լուսազարդեր իրենց կյանքը:
Անբացատրելի աղապատանքով մը կը պարուրեր տիկին Գեղամոֆ երկու դեռափթիթ էակները: Ամբողջ երանության աշխարհ մը կը նշմարեր այդ մատղաշ գլուխներուն վրա, աշխարհ մը, որուն երազը ունեցեր էր առանց ճանչնալու և որուն վայելքներուն գաղափարովը արբշիռ՝ կը սարսռար երջանկութենեն:
Ամբողջ գիշերներ անքուն, առանց օտար խնամքի հանձնելու իր գանձը, մեկուն օրրանեն մյուսին անկողինը կ'երթար, իր ձագուկներուն վրա գուրգուրացող թռչունի մը նման: Յուրաքանչյուրը զատ-ղատ կը սեղմեր իր սիրահորդ լանջքին վրա և հիշելով անոնց մայրերուն կորսնցուցած երջանկությունը,