զոր ինք կը վայելեր, կը հուզվեր սաստկապես: Իր զգայուն սիրտը այնքան երանություն շատ կը տեսներ և կը գտներ իրեն համար, ամեն անգամ որ կը հիշեր թե անոր պատճառը իրեն նման երկու ծաղկահաս մայրերու մահը եղած էր: Կը դողար ստեպ դժբախտության մը նախազգացումով և չար բախտը հեռացնելու համար իր զավակներեն, կ'ուխտեր խնամել աղքատ մանուկներ, օգնել հիվանդ մայրերու և այս նպատակավ, ինչ եղանակի մեջ ալ ըլլար, մանավանդ ձմեռը, ձյուն ու բուք առաթուր ընելով, կ՛անցներ կ՛երթար զարնելու աղքատիկ հյուղերու դուռները և փնտրել զրկյալ տղերքներ բաշխելու համար անոնց ինչ-որ կը վայելեին իրենները:
Գերի դարձած էր իր մայրական սիրույն, և ներքին բոց մը կը լափեր կարծես, որուն զոհ գնաց վերջապես:
Գիշեր մը ձմեռվան մեջ, սև ու դժբախտ գիշեր մը, սաստիկ ձյուն կը տեղար, տիկին Գեղամոֆ ճամբա ելավ երթալու համար խրճիթ մը, ուր իմացած էր թե շատ թշվառություն կար: Խրճիթը հեռու էր, և դարևանդի մի կատարը, ուր կառք չէր կրնար ելլել. ստիպվեցավ հետի երթալ, թողուց հոն անոնց պիտույքը, հուսադրեց, սփոփեց, սրտապնդեց ու դարձավ տուն իր հետ տանելով կողատապ մը, զոր զոր ցուրտը պատճառած էր և գերեզման տարավ զինքը բաժնելով իսպառ իր պաշտելի մանուկներեն:
Բուբուլ շատ փոքր էր հասկնալու համար այս անդարման կորուստը, այլ հայր և որդի սրտի անբույժ հարված մը կրեցին:
Ինչո՞ւ վաղանցուկ են լուսածիծաղ օրերը և ինչո՞ւ ցավ ցավի կը հաջորդե կյանքի մեջ: Իզուր այս դառն հարցումը կ'ըներ հեք Գեղամոֆ ինքնիրեն, որուն սահմանված էր ունենալ ինչ որ ընտիր է և թանկագին հուսկ ուրեմն կորսնցնելու համար զանոնք: Իր կացությունը շատ դժվար էր և փափուկ, ու իր պարտքերուն գիտակցությունը այնքան խորունկ՝ որ թաղեց արցունքը սրտին աչքերուն մեջ, չափելով այս անհատակ վիշտին անդունդը: Կսկծալի տանջանքներ թափեց անշշունչ, մաքառելով զինքը կեղեքող հուսահատության