Այս էջը հաստատված է

ներքև չընկճվելու համար և ուխտեց արիաբար շարունակել իր պաշտած կնոջը անձնվիրությունը զույգ մը որբերուն նկատմամբ:

Հրաժեշտ տվավ, երիտասարդ հասակին մեջ և կյանքի բոլոր հաճույքներուն, և հոգիին բոլոր կորովն ու իմաստությունը ամփոփեց անոնց անդորր ապագա մը պատրաստելու մեծ գաղափարին շուրջ:

Դ

Երկու որբերը կը զարգանային զիրար գգվելով և փարելով իրարու, եղբայրական գողտր բարեկամություն մը կը կապեր հետզհետե այս զույգ մը աղարծի մանուկները իրարու այնպիսի ներդաշնակությամբ զոր բնությունը միայն գիտե հրաշակերտել:

Այլ զարմանալի է, որ այս ներդաշնակությունը արդյունք էր երկու հակառակ խառնվածքներու, ներհակ նկարագիրներու և տարբեր հասակներու: Տիգրան կարճնեղ մարմնով, խիստ դեմքով և անհողդողդ բնավորությամբ տղա մըն էր. իր միտքը կ'իշխեր ստեպ սրտին և երբեք ենթակա չէր հուզման տկարությանց: Մատղաշ հասակեն զարմանալի համբերություն մը ցույց կուտար ամեն բանի մասին, այլ այդ համբերությունը առաջ կուգար իր եռանդի պակսութենեն և ոչ խոհուն դատողութենե մը. իր համակրանքներն ու հակակրանքները տևական չէին և ոչ ալ բուռն: Սակավախոս էր և շատ քիչ կը ժպտեր. իրմե ստորադաս անձերու հետ հպարտ՝ իր հավասարներու հետ՝ ցուրտ՝ իսկ իրմե բարձրերուն նկատմամբ չարամիտ և հեգնոտ էր. իր հարաբերությանց մեջ շատ ժլատ էր, վասնզի ապրելու համար մարդու պետք չուներ, իր բոլոր աշխարհքը իրմով միայն կը կազմվեր:

Հազիվ քսան տարեկան կար, երբ իր ուսումը կատարելագործելու համար զինքը Եվրոպա ղրկելու պետքը զգալի եղավ: Սակայն ցուրտ, անթափանց, անկարեկիր այդ բնավորությունը միակ տկարություն մը ուներ և անհունապես կը փափ -