այն հազարումեկ մանկական ծառայությանց մասին, որոնցմե չէր կրնար զրկվիր: Հայր Գեղամոֆի դեմքը, ձայնը, վարմունքը, ամեն ինչ ավելի հաճելի էին փոքրիկ աղջկան, բայց պետք ուներ Տիգրանին վասնզի կը խաղար իրեն հետ:
Բուբուլ ճանչցած չէր իր բուն հայրը, որուն համար ըսած էին, թե հեռու ճանապարհորդության մը գացած ու չէր վերադարձած: Այսպես համոզած էին մանկուհին անոր սրտեն հեռու պահելու համար ցավը, զոր պիտի զգար բնականաբար, եթե գիտնար, թե լքված էր իր հորմեն և ուրիշներուն գթության հանձնված: Միշտ զգուշացած էին այդ կասկածը տալե զգայուն աղջկան, ապահովելով զինքը, թե բոլոր վայելած անդորրությունը կը պարտեր իր հորը հարստության:
Մինչև տասը տարեկան, գերման մանկավարժ կնոջ մը խնամքին ներքև զարգացած էր Բուբուլ, և պ. Գեղամոֆ կը նշմարեր արդեն թե անոր նորածիլ հոգվույն թռիչները կը խորտաակվեին այդ չափված, ձևված, նկարագրին բախելով: Ավելի թարմ, ավելի առույգ, ավելի գորովագութ խնամքի մը պետք ուներ ան, որպեսզի իր բնական ձիրքերը մշակվեին և բարգավաճեին: Կը փափաքեր ազգային կրթություն մը տալ իր աղջկանը և բախտ ունեցավ գտնելու հայ վարժուհի մը իր փափաքան բարեմասնություններով օժտված: Շատ վստահելի բարեկամի մը միջոցով ներկայացավ իրեն դեռատի աղջիկ մը, որուն վրա ամեն բան համեստություն և լրջություն էր, բայց ոչ այն կեղծուպատիր համեստությունն ու անտարբեր լրջությունը որ արտաքին է միայն, և հոգիի թերությունները կը քողարկե, այլ ազնիվ, զգայուն վեհերոտություն մը, որ բոլոր անձը սիրելի և անձկալի կ'ըներ: Բարձր դաստիարակություն մը ստացած էր այդ հիանալի աղջիկը իր հոր տանը մեջ, որ պետական բարձր պաշտոնյա մը ըլլալով, վեհանձնորեն ապրեցուցեր էր իր ընտանիքը նախանձելի բարօրության մեջ, բայց մեռնելեն ետքը, պարտքեր թողած էր միայն անոր: Մայրը, ազնվատոհմիկ կին մը ծախեր էր իր գոհարեղենները այդ պարտքերը վճարելու համար, և հինգ տարիե ի վեր կ'ապրեին իրենց ձեռական աշխատությամբ: Հիմա, իր