մորը մահվամբ որբ մնալով բոլորովին, կ'ուզեր ստանձնել դաստիարակության պաշտոն մը, որպեսզի հայթայթեր իր միակ եղբոր ծախքը, որ Իտալիա պիտի երթար քանդակագործության հետևելու։
Այս տեղեկությունները լիապես վստահություն ներշնչեցին պ․ Գեղամոֆին այդ աղջկան բարոյականին նկատմամբ որ իր ծաղիկ հասակին մեջ կը նվիրվեր եղբորը օգտին, և անմիջապես հանձնեց անոր փոքրիկ Բուբուլին դաստիարակության պաշտոնը։
Ե
Նորատի հայուհին, որ մեր մելամաղձիկ Սոֆին էր, մեծ համակրություն գտավ պ․ Գեղամոֆի տանը մեջ։
Առաջին վայրկյանեն, երկու որբ աղջիկները բնական հակում մը զգացին իրարու նկատմամբ, և հազիվ անցեր էին մեկ քանի ամիսներ, երբ արդեն Բուբուլին մատղաշ սիրտը խորունկ և վսեմ արձագանգներ կը գտներ իր վարժուհիին հոգվույն մեջ։
Սոֆիին ուշադիր միտքը անմիջապես ըմբռնեց դեռաբույս աղջկանը հոգեկան հատկությունները և պետքերը, գուշակեց այն դյութական վանկերը տարտամ որոնք գեղարվեստներու միջոցավ միայն կրնային թարգմանվիլ։ Կարդաց դյուրավ այն մեծ բանաստեղծությունը, զոր բնությունն ու տաաղանդը կրնային հորինել այդ հոգիին մեջ։ Տվավ անոր ձեռքը դաշնակ մը, վրձիններ և գրքեր։ Այդ խորազնին նայվածքը դիտեց հետզհետե թե սովորական դաստիարակություն մը բավական չպիտի ըլլար այդ բացառիկ էակին, որուն բարձր ներշնչումներուն և տաղանդին թռիչ տալու հարկը զգալի կ'ըլլար օրե օր, և թելադրեց պ․ Գեղամոֆին Եվրոպայեն առաջնակարգ արվեստագետներ բերել տալ հավասարապես հագուրդ տալու համար այդ բեղուն բնության պահանջքներուն։
Ընդոստ դեռափթիթ Բուբուլին շղթայված ձիրքերը դուրս ցայտեցին իրենց բոլոր շողերով։