անգամ դյուրավ հավանեցավ Բուբուլ իր սիրելի վարժուհուն ընկերակցությամբը մխիթարված:
Մեծ շուքով կատարվեցավ նշանտուքի հանդեսը, և Բուբուլ պաշտոնապես Գեղամոֆի նշանած հռչակվեցավ:
Մեկ քանի օր ետքը բախտավոր պատանին կը մեկներ հույսերու և ըղձանքներու ազդած երջանկությամբը հզոր՝ իր ուսմանց հետևելու:
Զ
Նոր հարված մը կրեց պ. Գեղամոֆ իր որդուն բաժանումեն: Այդ ազնիվ էակը հոգևին սիրած էր ինչ որ կը վերաբերեր իրեն, և արդեն սկսած ըլլալով կքիլ տարիներու բեռան ներքև, նոր վերք մը բացվեցավ իր զգայուն սրտին մեջ: Առանց Բուբուլին ոգևորիչ նայվածքին, առանց անոր գորովին և խնամքներուն անկարող ըլլար թերևս տոկալ այդ զոհողության, որուն կը դատապարտեին զինքը հարկն ու պարտքը: Այդ զվարթագեղ աղջկան ներկայությունը լույսի և խնդության մթնոլորտ մը կը ծավալեր իր շուրջը, ուր անհնար էր սփոփանք չգտնել: Անգիտաբար կը կատարեր ան մխիթարիչ հրեշտակի պաշտոնը որդեզուրկ հորը և եղբայրազուրկ քրոջը նկատմամբ:
Տիգրան կը գրեր մերթ հորը և մերթ երկու աղջիկներուն, և իր նամակները երբեք ցավ մը, երբեք տրտունջ մը չէին արտահայտեր իր տարագրության մասին: Կը նկարագրեր ան ցամաք ոճով մը այն դասերը, որոնց կը հետևեր, և տեղեկություններ կուտար իր առողջական վիճակին նկատմամբ: Հորը գորովագութ սիրտը կ'սքանչանար այդ հասակին մեջ այնքան հասուն միտք և դյուցազնական արիություն գտնելով, պարտաճանաչության վսեմ սկզբունքի մը վերագրելով անոր անտարբեր ընթացքը, և չէր հագենար գովելե այն փափուկ զգուշությունը զոր պատճառ կը կարծեր պատանուն համբերության՝ իր սիրելիները չվրդովելու համար: Բուբուլ իր բարի սրտով իրավունք կուտար անոր, առանց մտածել