Սոֆին կատարելապես կը բավեր Բուբուլին և ինք անով կը պարուրվեր, մինչդեռ իր սրտին մեկ մեծ մասը հոն հեռուն, եղբորը քով թողած էր: Կը խոսեր ստեպ իր Գառնիկի վրա բարեկամուհվույն հետ, որ հաճույքով մտիկ կ'ըներ և կը համակրեր անոր:
Քույր եղբայր ստեպ կը թղթակցեին, և այդ թղթակցությունը հրաշակերտ մըն էր սիրո, բանաստեղծության, անուշ զգացմունքներու, ճոխ և մոգական երևակայության: Հոն սեռ և հասակ չկար. քույր և եղբայր կը նվագեին իբրև երկձայն մեղեդիի մը երկու գուսանները, և այդ մեղեդիին մեջ մեղմանուշ՝ կուգային կը միանային երկու տարբեր հնչյուններ միևնույն ներդաշնակությամբ, իրարու ձայնին էլևէջներն ու նվագային ոլորումները ավելի հստակ ու զգալի գործելու համար:
Բուբուլ կը դյութվեր անոնց ընթերցումեն և իրեն անծանոթ զգացումով մը կը մտածեր Տիգրանին նամակներուն ցուրտ ու կարճառոտ:
Այլ հուսկ ուրեմն կ'ոգևորվեր խորհելով թե իր եղբայրը չէր ան, և անշուշտ ակնածանքն էր որ այդքան զգույշ կ'ըներ անոր գրիչը, բայց եթե համարձակեր լավ մը քննել իր հոգվույն խորը, պիտի ըսեր ան իրեն թե փոխանակ նշանածին, կ'ընտրեր ունենալ այն վառվռուն եղբայրը, որուն սիրտը կարող էր խոյանալ անջրպետեն անդին իր ջերմ հրապույրներով ողողելու համար տարակա քույր մը:
Առաջին անգամ էր որ պ. Գեղամոֆի հարսնացուն կ'ըսկսեր ճանչնալ զրկումի դառնությունը, բայց այս զրկումին գաղափարը կերպով մը մխիթարություն կը բերեր իրեն, խորհելով թե ինք ալ այդ կերպով վիճակակից կ'ըլլար իր բարեկամուհվույն որ այնքան վաղ զրկված էր իր հորը գգվանքեն:
Ի՜նչ քաղցր է ըսել բարեկամիդ. «Եթե դուն զուրկ ես գորովագութ հոր մը խանդաղատանքեն, ես բնավ չեմ ճանչըցած պաշտելի եղբոր մը կաթոգին սերը, ուրեմն մեր ցավերը նույնն են»: Եվ որքան կը կեղեքի սիրտդ երբ բարեկամեդ ավելի երջանիկ եղած ես կյանքի զանազան պարագաներուն