Այս էջը հաստատված է

խանդավառություն երիտասարդ Գեղամոֆի՞ն վերապահված էին արդյոք: Ոչ ոք կը տարակուսեր այդ մասին, ինչո՞ւ կը կասկածեր Գառնիկ: Սակայն եթե այդ տարակույսն ալ չունենար կրնա՞ր իր սիրտը հեռացնել անկե, մի՞թե տերն էր այլևս իր սրտին:

Հիմա բացարձակապես համոզված էր թե անհնար էր իրեն համար ապրիլ առանց Բուբուլին, ուստի կ՚ուխեր կապվիլ անոր ոտքերուն իբրև ծառա, իբրև գերի, ինչ անվան տակ որ կարելի ըլլար, և մաշիլ անոր սիրովն ու մեռնիլ անով:

ԺԱ

Թատերական ներկայացումեն ի վեր մեկ քանի շաբաթ անցեր էր, և այդ միջոցին ամեն ճիգ ի գործ դրեր էր Գառնիկ Բուբուլին վստահությանը և համարմանը արժանանալու համար:

Օր. Գեղամոֆ երբեք կասկած չուներ Գառնիկին զգացումներուն մասին: Իր սիրտն ու անձը պատսպարված կը կարծեր պարտքերուն գաղափարովը, այլ չէր գիտեր թե այն ատեն ամենեն ավելի վտանգի մեջ է կին մը, երբ իր դիրքին պատճառով անխոցելի կը կարծե ինքզինքը: Իր կերպերը նվազ զգուշավոր կ՚ըլլան, իր խոսքերը նվազ երկչոտ, և անապակ սրտի մը անմեղ հակման կը վերագրե ամեն համակրանք, որ ցույց կը տրվի իրեն, մանավանդ երբ սովոր է միշտ գորովի և հիացման բույրերով շրջապատվելու:

Գառնիկ լուրջ էր իր խոսքերուն մեջ և ծանրաբարո: Երբեք անզգույշ բառ մը, հախուռն բացատրություն մը չէր մատներ իր սիրտը: Բուբուլ կը գնահատեր այն խոր ակնածանքը որուն ապացույցը կուտար ան ամեն օր առանց բառ մը ըսելու, և ամեն օր քայլ մը ավելի կը մոտենար երիտասարդին, հասկնալով թե այդ վես բնավորությունը մտերմության մեջ միշտ անփոփոխ ու բարձր պիտի մնար: Որքա՜ն գռեհիկ կ՚երևային հիմա անոնք որ գովեստի հասարակ փունջեր կը հորինեին իրեն համար, և որքան հրապույր կը գտներ