այս լուռ պերճախոսության մեջ, ուր նոր հորիզոն մը կը բացվեր իր երևակայության հանդեպ:
Սակայն կը նշմարեր որ հետզհետե տրտմություն մը տարտամ, խուսափուկ կը մթագներ երիտասարդի ճակատը, և իր հոգին կը սարսռար այդ սքողված ցավի զգայութենեն որուն հակահարվածը կ՚զգար իր մեջ:
Իսկ որքան գոհունակություն կ՚զգար անուշ աղջիկը, երբ կը նշմարեր թե իր մեկ բառը, իր մեկ նայվածքը կը փարատեր ամեն հոգ ու թախծություն անոր ալ դեմքեն, ինչպես իր հորը և Սոֆիին:
Երեք երիտասարդները բոլոր օրը միասին կ՚անցընեին մերթ կարդալով, մերթ երգելով, մերթ նկարելով, մերթ խոսակցելով, և երեկոյին ձիով պտույտի կ՚ելլեին անտառները, կամ կը նավարկեին ծովուն վրա:
Ծերունին հրճվանքով կը դիտեր անոնց ազնիվ ընկերակցությունը և հույսով կ՚սպասեր ապագային:
Բուբուլ և Գառնիկ կը սիրեին վտանգները, և արշավասույր կը թռցնեին իրենց ձիերը փոսերու դարավանդներու եզերքներեն, մերթ զիրար հալածելով, մերթ իրարու օգնության հասնելով, մինչ Սոֆի երկչոտ աղավնիի մը պես կը դողար երկու սիրելիներու անխոհեմությունը դիտելով:
Երկու աղջիկներեն մեկը կ՚ստեղծեր վտանգը, և մյուսը կը չարչարվեր անով: Գառնիկ հավասարապես կը գոհացներ երկուքն, համակերպելով Բուբուլին հոժարությանց, և պաշտպանելով զայն ամեն անգամ որ անոր անխոհեմությունը երկյուղ ազդեր Սոֆիին:
Բոլորովին տարբեր էր ծովային շրջագայության ժամանակ, որուն կը մասնակցեր ծերունին:
Երեքն ալ կարգավ կը թիավարեին, յուրաքանչյուրը ջանալով հոգնության մեծագույն բաժինը յուրացնել, և երկու աղջիկները ստպվելով միշտ տեղի տալու Գառնիկին, վասնզի մարմնական ուժն է թերևս միակը ուր այրը բացարձակապես կը գերազանցե:
Բուբուլ երազուն կերպարանք մը կ՚առներ ծովուն վրա ու կ՚երգեր. Սոֆի կը մտախոհեր, պ. Գեղամոֆ կը ժպտեր