Այս էջը հաստատված է

— Շատ սիրուն ալպոմ մը, ցուցնեմ ձեզի:

Եվ ծաղկոցին մեկ դարանին մոտենալոով, գզրոց մը քաշեց, մեջեն խոշոր հատոր մը առավ և ներկայացուց անոր:

Աննկարագրելի բերկրությամբ լցվեցավ երիտասարդին սիրտը, երբ տեսավ որ բոլոր թերթերը լեցված էին իր նվիրած ծաղիկներով: Հույսի, երջանկության քաղցր վայրկյան մը ունեցավ, աչքերը անբացատրելի հուրքով վառված նորատի աղջկան դարձան վերստին:

Բուբուլ կարդաց այդ նայվածքին մեջ անոր հոգվույն բոլոր երախտագիտությունը, հո՞ւյսն ալ արդյոք... Աչքերը խոնարհեց, գունատվեցավ, քայլ մը ետ քաշվեցավ, ինչ որ բնական երևցեր էր իրեն պահ մը առաջ, հիմա սկսավ վախ տալ: Զղջաց իր անխոհեմության վրա: Դեմ առ դեմ կեցած էին և բառ մը չէին գտներ ըսելու: Ի՞նչ պիտի ընեին... Այդ ծաղիկները բավական պերճախոս էին...

Հանկարծ ոտնաձայն մը լսվեցավ: Սոֆի ծաղկոցեն ներս մտավ:

— Գեղեցիկ լուր մը ունիմ, գոչեց զվարթորեն, բայց չեմ կրնար ըսել, հայրիկը անձամբ կ՚ուզե հաղորդել, և ձեզի կ՚սպասե:

— Որո՞ւ կը վերաբերի գեղեցիկ լուրդ, հարցուց Գառնիկ, կարծես երազե մը սթափված:

— Բուբուլին:

Օր. Գեղամոֆ շառագունեցավ, հետո գունաթափ եղավ վերստին, տխուր նախազգացում մը կը տիրեր նորեն իր սրտին, ու համրորեն հետևեցավ Սոֆիին, որ արտորնոք կը քալեր դեպի տուն առանց նշմարելու բարեկամուհվույն տարօրինակ այլայլությունը:

Բայց եղբայրը, ուշադիր նորատի աղջկան բոլոր վրդովումին, անձկությամբ մոտեցավ անոր, և առանց բառ մը ըսելու, թևը մտնելով, տարավ մինչև սենյակին դուռը, ուր նստած էր ծերունին ձեռքը թուղթ մը բռնած: Սովորականեն ավելի զվարթ կ՚երևար ան, բարձր կը բռներ ճակատը, և աչքերը կը նշուլեին անսովոր կայծով մը: Իր բոլոր անձը բերկրանքի վսեմության մեջ ոգևորված կը թվեր: