Եվ նվաղած աչքերուն մեջ հոգեվար
Նայվածքի բոցն անհուն մարած էր արդեն:
Բայց կյանքի սերն հաղթեց հանկած իր ախտին.
«— Ապրի՜լ կ՝ուզեմ, գոչեց, ծաղիկն եմ գարնան.
«Ես չեմ վախնար հարվածներեն չար բախտին.
«Իզո՜ւր շանթեր գըլխուս վըրա կը դառնան:
«Դեռ շատ կըրակ ունին աչքերս իմ ծավի,
«Մեղրով լեցուն են շըրթունքներս հեշտաբույր,
«Սիրտս ըզգացման մեծ բեռան տակ կը ցավի.
«Եվ այտերես՝ կ՝առնեն վարդերեն իրենց թույլ»:
Իր բողբոջուն գեղովն այսպես երջանիկ
Փըշրեց ոտքին տակ, ջախջախեց մահն հըզոր-
Հիմակ անույշ ցընորքներու խաղալիք՝
Քունին մեջ ուժ, աշխույժ կ՝առնե օրե օր
Արևն հասած էր սենյակին խորշերուն
Թափանցելով վարագույրին ճեղքն ի վար,
Մինչև կանթեղին ետին նըշույլն երերուն
Դեռ հիվանդին մահճին վըրա կը հևար:
Արշալույսեն շող մը փըրթավ շեշտակի,
Եկավ համբույր կ՝առնել ճակտեն այդ հըստակ,
Եվ բացվեցան աղվոր աչքեր հրեշտակի
Այդ լուսեղեն փայփայանքին ներքև տաք:
Նայվածքն հածեց մատղաշ աղջիկն հեշտորեն
Ճոխ բարձերուն ու վերմակին սընդուսե,
Որոնց վըրա իր փայլփըլուն մազերեն
Զանակներու հորդ անձրև մը կը հոսե: