պույր մը կ՚ընծայեր իր շնորհալի դեմքին: Ձեռքը կիթառ մը ուներ, զոր պարած միջոցին ծառի մը ոստերեն կը կախեր: Տիգրան հակառակ իր սկզբունքին ստիպվեր էր տեղի տալ ընդհանուր թախանձանքին և միջնադարյան դատավորի մը տարազ ընտրեր էր:
Իսկ Բուբուլ Շամիրամ թագուհուն կերպարանքը առեր էր: Վարդագույն բեհեզե նուրբ շրջազգեստի մը ծալքերուն մեջ ծաղիկներ կը շողային. գունագեղ դիպակե վայելուչ գոտի մը մինչև կուրծքին կեսը կ՚ելլեր մարգարտե ժանյակներով զարդարված: Ոսկեթել վարսերը ուսերուն վրա արձակված կը խառնվեին բազմաթիվ գոհարներու ճաճանչներու հետ, որոնցմով կը վերցներ անոնց խոպոպիկները գետինը քսվելե արգիլելու համար: Հակինթե թագ մը կը կրեր գլուխը այնքան վայելչորեն, որ այդ հագուստով կարծես իր բուն կերպարանքին մեջ մտած էր, ինչ որ ամենքը կը կրկնեին իրարու:
Ո՞չ ապաքեն թագուհին էր այն շքեղ հանդեսին, և իր մտքին գործն էր այն դյութական տեսարանը որ պատրաստված էր պարտեզին մեջ: Ծառերուն վրա վայելչապես զետեղված լապտերներ՝ գունագեղ պտուղներու և ծաղիկներու նման կը պլպլային անթիվ ցոլքերով, ճեմուղիները կամարակապ էին:
Ավազաններու վերև կանգուն անդրիները վարդեջուրի և քոլոնաջուրի սրվակներ կը մատուցանեին անցորդներուն, զանոնք զովացնելու համար:
Հրախաղության ամենեն հրաշալի տեսիլը բլրակներուն վրա կը կատարվեր ամեն կողմե տեսանելի ըլլալու համար. և այնքան նոր ու զարմանալի երևույթներ ուներ, որ ամենեն անտարբեր, ամենեն արհամարհոտ նայվածքները կը հիացներ:
Զարդասենյակը ջերմոցին մեջ պատրաստված էր, ուր պաճուճանքներու մանրամասնությունը իր կատարելությամբ կ՚երևար: Նույնպես շքասեղանը սաղարթներով հորինված կամարներու ներքև պատրաստված էր բազմաճոխ սպասներով և հիանալի ճաշակով: