սեր օրիորդ Աստեղյան՝ քառասնամյա աղջիկ մը, որ ոտանավոներ կը գրեր:
— Պարի մեջ փայլելու իրավունքնի՞ս ալ կը հափշտակես մեզմե, կ ըսեն սևաչյա աղջիկ մը, որ Էղմերալտայի զգեստը հագած էր, և որ մեծ հարգանքով կը շրջապատվեր իր հորմե ժառանգած ոսկիներուն պատճառավ, և շատ մը թեկնածուներ ուներ։
Զվարթ ու սիրուն դեմք մը, Պեյզատ Թորոս պեյի կինը, որ երանգապանակներով, վրձիններով ու սիրուն պատկերներով զարդարուն հագուստով նկարչությունը կը ներկայացներ, Բուբուլին մոտեցավ։
— Նախանձելի ես ամեն կերպերուղ, ամեն հրապույրներուդ մեջ, ըսավ անուշիկ ձայնով մը։
Հետո քառասունը անց կին մը, Պոլսո հռչակավոր անձնավորություններեն մեկը, տիկին Միապետյան իր շնորհավորությունները Տիգրանին ուղղեց։
— Երջանիկ եք Տիգրա՛ն էֆենդի, ասանկ սիրուն հրեշտակի մը տեր ըլլալուդ համար, ըսավ:
Երջանիկ նշանածը ուզեց իր լրջության վայել մտացի պատասխան մը տալ ու ըսավ․
— Օրիորդ մը արժանիքը ոչ թե իր սիրուն կերպերուն՝ այլ իր բարոյական հատկությանց մեջ է։
Ան ատեն բոլոր իր շուրջը գտնվող տիկինները, օրիորդները, և անոնց ընկերակցող այրերը սկսան խոսիլ անոր մտքի առավելությանց վրա, պատմել թատերական երեկույթին մեջ ունեցած հաջողությունը, և հազար փայփայանք ու մեծարանք մատուցանել դեռատի աղջկանը։
Տիգրան, առանց գոհունակության ժխիտ մը ցույց տալու դեմքին վրա, նեղսիրտ կերպարանք մը առավ և միշտ անտարբեր ձայնովը ըսավ.
— Այդ թատերգությունները, երգերը, պարերը ոչինչ բաներ են, և պարծանք չեն կրնար բերել ոչ Բուբուլին, ոչ ինծի, կը փափաքիմ որ իր առաքինություններովը պարծի ան։
Եվ շատ խելացի խոսք մը ըսողի կերպարանքով տեղեն