Այս էջը հաստատված է

ելավ, ու առանց ակնարկ մը դարձնելու իր նշանածին վրա, հեռացավ գնաց:

Նույն պահուն աղմուկ մը լսվեցավ հեռվեն. սյուրբռիզը, սյուրբռիզը կը գոչեին ամեն կողմե, և թավիշներու, սնդուսներու, բեհեզներու իրարանցում մը, թեթև կիսակոշիկներու տրոփյուն մը ավազե ուղիներուն վրա խշրտալով սկսավ դիմել դեպի խաղին տեղը, առանձին թողլով հոն Բուբուլը:

Ինչպես Վոսփորի ափունքին պարտեզները ընդհանրապես, Գեղամոֆի պարտեզն ալ անփիթատրոնի մը լայնածավալ աստիճաններուն նման հետզհետե կը բարձրանար դեպի վեր կանոնավոր հարկեր հորինելով իրարու վրա: Պարը ամենեն վարի հարկը տեղի կ՚ունենար ընդարձակ ավազանին բոլորտիքը, որ Բերայի Վերտիի սրահեն երկու անգամ ավելի մեծ ածուներու բաժանված էր:

Իսկ խաղը պարտեզին ամենեն բարձրագույն հարկը տեղի կ՚ունենար ամեն կողմե տեսնվելու համար, և բազմությունը հետզհետե դեպի վեր կը դիմեր: Միս մինակ մնացեր էր Բուբուլ վարի հարկը եղևենիի մը տակ, որ իր բբուկի նման տերևներ կը տարածեր սև ու ծփական ստվերներով նորատի աղջկան շուրջը, և կը փակեր անոր առջև հանդեսին սքանչելի տեսարանը:

Օրիորդ Գեղամոֆ սոսկաց այս միայնութենեն, ոտքի ելավ հանկարծ ու քանի մը քայլ առավ մինչև ահագին լճակին եզրը, որուն ծառերուն վրա վառված լապտերին զվարթ շողերը փարատեցին իր երկյուղը, և հոն կանգնած դարձուց նայվածքը դեպի վեր: Վճիտ ու աստղազարդ երկինքին շքեղաշուք շրջանակին մեջ, դրոշակներու, կամարներու, սաղարթներու, կանթեղներու մեջտեղը անհամար գլուխներ կը խլրտեին, նստարաններու վրա ոսկե ու արծաթե զգեստներ կը փողփողեին, գույնզգույն ժանյակներու մեջ փոքրիկ սիրուն դեմքեր կը ժպտեին իրարու, և կարմիր, և կանանչ, կապույտ, դեղին, ճերմակ բեհեզե օդային զգեստներով զարդարված աղջիկներ ծաղկեփունջերու նման հոս հոն հիանալի խումբեր կը կազմեին, օդին մեջ ժապավեններ, մազերու փայլուն խոպոպիկներ կ՚երթային կուգային ավելի վարը, զինվորական