Այս էջը հաստատված է

թողուլ զայն իր սենյակը առանձնանալու համար, ուր գեթ ազատ պիտի ըլլար արցունք թափելու: Սակայն սիրտը չէր ներեր իրեն այդօրինակ բիրտ վարմունք մը, և իր այս ապօրեն փափաքին գործադրութենեն առաջ անոր վրա զղջալով, հանցավոր գաղափար մը գործնապես դարմանելու խորհուրդը կուտար իրեն:

Սակայն որքա՜ն դժվար է մերձենալ սրտի մը, որ անդադար խույս կուտա մտերմութենե, մանավանդ արժանապատվության տեր զգայուն կնոջ մը համար որքա՜ն ծանր է հաղթել իր երկչոտության և հպարտության, երբ այր մը անտարբեր կ՚երևա իր գաղափարներուն հաղորդակցության:

Արդարև, որչափ քաջ ըլլա կին մը, իր բուն արժանիքովը փայլելու համար, պետք ունի գիտնալու թե իր ձիրքերը փափաքով կը փնտռվին, և ջերմ նայվածք մը, քաղցր բառ մը ստեպ կը խանդավառե ամենեն տկար սիրտը, մինչ ցուրտ շարժում մը կը խորտակե հոգվույն թռիչը:

Այո՛, զգացումը ամեն բանի կը խառնվի, և այն շնորհներն ու ձիրքերը, որ զգայնութենե չեն բխիր սուտ են և վաղանցիկ: Ինչ է կին մը, երբ իր զգայնության մեջ մահացու վերք մը առած չէ տակավին: Բոլորովին ուժ, բոլորովին կյանք, գթություն և սեր է համայն, բավական է որ սիրված զգա ինքզինքը: Լքումն ու անտարբերությունը իր իր մահն է սակայն:

Եթե այրերը գիտնային թե իրենց մեկ քաղցր վարմունքը որպիսի՜ փրկարար ազդեցություն ունի այն կնոջ վրա, որ իբր քույր, իբր կին, իբր դուստր կցանկար իր սիրույն, երբեք առիթ չպիտի ունենային իգական սեռեն գանգատելու:

Բուբուլ իր նշանածին քով տկար կ՚զգար ինքզինքը, որովհետև ոչ մի արժեք չէր ընծայեր ան իր ամենեն բարձր ու անբիծ զգացմանց արտահայտությանը, այլ շատ անգամ կը հեգներ զանոնք:

Եվ սակայն իր ազնիվ, իր բարի սիրտը այնքան հոժար էր բացվելու և նվիրվելու, որ չէր ուզեր առիթը փախցնել, երբ կարենար եթե ոչ սիրո, գեթ բարեկամության կապ մը