Այս էջը հաստատված է

նշմարել տալու թե բնավ հավատք չուներ այդ բեկաբույժի անըմբռնելի արհետին վրա։

Սակայն պետք է խոստովանել թե անվստահելի մարդ մը չէր Մանուկ աղան։ Ծաղիկ հասակեն իր հորը քով այգ արհեստին սկսած և անոր մեջ ալևորած էր․ վասնզի հայրն ալ հռչակավոր քըրըքչի մըն էր, ինչ որ հազվագյուտ չէր Թուրքիո մեջ, այդ տեսակ ձիրքերը ժառանգական ըլլալուն պատճառով։ Քսան տարեկան էր, երբ կայսերական բանակին վիրաբույյժ անվանվելով Խրիմի պատերազմին գնաց, ուրկե դարձավ հաղթապանծ, քսակը լեցուն՝ Մեճիտիեի չորրորդ կարգի պատվանշանով վարձատրված, թեև անոր ժապավենը բնավ չկրեց իր լամբակին վրա։

Հիմա Պոլսո հարուստ դասուն աչքի լույս էր, ամենուն տունը կը մտներ կ՚ելլեր, և ամենուն ալ իր ճարտարության ապացույցը տված էր, մեկուն թեև շտկելով, ուրիշին ոտքը տեղը դնելով, մեկ ուրիշին մատը անցնելով։ Եվ հակառակ իր խեղճ զգեստներուն, խոզանակին տակ մաշած վերարկուին , օճառով սրբվելեն ճերմկցած օձիքին, ծունգի ոսկորներուն վրա ուռեցած տաբատին և ցած ու լայն եղերքով ֆեսին, որ երկար ատենե ի վեր կաղապարի երես տեսած չէր, հարուստ մարդու մը համբավը կը վայելեր։

Ոմանք կըսեին թե երկու հազար ոսկի ուներ․ ուրիշները կը պնդեին թե հինգ հազար ոսկիի տեր է, թե այդ ոսկիները ինչպես կրցեր էր դիզել՝ պետք էր խեղճ Բեմպե հանըմին հարցնել, որուն խնայողության բոլոր ճիգերը, բոլոր զրկումները, բոլոր զոհողությունները չէին կրնար արգիլել իր ամուսինը գիշեր ցերեկ «կնի՛կ, տունս կը փլցունես կոր» պոռալե, որ իր կծծիի սովորական հանկերգը եղած էր։

Բայց քըրրքճիին տունեն հյուսված ճերմակ գուլպաներուն մաքրությունը, որոնք մուճակներուն տակեն կը տեսնվեին, և շապիկին սպիտակությունը, որ փողկապի բացակայությանը պատճառով ավելի լայն ու որոշ կ՚երևար, տանտիկնոջ մը մաքրասիրության այդ անվրեպ նշանները տեսնողը կը հասկնար թե ի՛նչ կոկիկ, ի՛նչ տնասեր կին էր Բեմպե