Այս էջը հաստատված է

հափշտակություն մը Բուբուլին բոլոր երանությունը կը հորիներ, և հուսալից բերկրություն մը Գառնիկին իղձերը կ’ոսկեզօծեր:

Կյանքի քաղցրագույն թվականն էր իրեն համար, և սակայն կ’երազեին անոնք տակավին երիտասարդության բոլոր հուրը, բոլոր ավյունը կ’եռար այդ ջերմ և լուսափայլ երեվակայությանց մեջ: Երկու հոգիներ էին անոնք, որ մտածելու, զգալու, տեսնելու, դատելու և հուզվելու կարողությունները հավասարապես ունեին, և սակայն իրարմով կը հմայվեին անհամեմատ գերազանցություն մը ընծայելով իրարու:

Երբ իրենց բնավորության կամ մտածության մեկ կետին վրա հարկ ըլլար խոսիլ, նախ երկչոտ ձայնով մը կը հարցաքննեին զիրար այդ մասին, և ստեպ զարմանալի նույնություն մը երևան գալով իրենց բոլոր գաղափարներուն մեջ, կը հրճվին մտածելով, թե իրարու համար ստեղծված էին և թե իրենց հանդիպումն ու սերը բնության մեկ խորհուրդն էր հրաշալի: Ծաղկահաս աղջկան հոգվույն անբծությունը այնպիսի վեհագույն շնորհք մը կը խառներ իր բոլոր վարմունքին, որ երիտասարդը հաղթահարված՝ ավելի պաշտոն կը մատուցաներ անոր, քան սիրային իղձերու արտահայտությամբ կը շրջապատեր զայն: Միևնույն պատկառոտ, այլ հրաշալի սիրով կը պաշտեր օր. Գեղամոֆ ալ Գառնիկը իր սրտին խորհրդավոր ծալքերուն մեջ անջինջ պահելով բոլոր պատկերները այն երջանիկ ժամերուն զոր անցուցած էր անոր հետ: Նախազգացո՞ւմ մը կ՚սեր արդյոք իրեն թե իր կյանքին առաջին և վերջին միակ վայելքն էին անոնք, որ կը դառնար միշտ խոսելու այն օրերուն վրա ուր իր պաշտելվույն դուզնաքյա մեկ հիշատակը կար:

Այդ օրերը հավասարապես կենդանի էին Գառնիկին ալ մտքին մեջ, և մեկու սկսած պատմությունը մյուսը կը լրացներ, անցյալին վրա խոսելու քաղցր իրավունքը իրարմե հափշտակելով ու ավելցնելով անոր վրա ինչ որ այն ատեն չէին համարձակած ըսել իրարու:

Սակայն փոթորիկը կը մոտենար, և Բուբուլ չէր տեսներ: Այն անամպ և լուսազարդ հորիզոնին ետևը սև ամպեր կը