Այս էջը հաստատված է

ԻԳ

Քըրըքճի Մանուկ աղային կինը սեղանը պատրաստեր, կերակուրը տաք դրեր էր արդեն, և լույսը կը վառեր, երբ դրան զանգակը հնչեց:

Բեմպե հանըմ կարծելով թե ամուսինն էր աղջկանը հետ, աճապարանքով անցուց լամպարին ապակին, և հակառակ իր գիրության, որ արգելք կ՚ըլլար քայլերուն, երկու կողմին տատանելով փողոցին դուռը վազեց շնչասպառ, վասնզի Մանուկ աղան շատ կը զայրանար դրան առջև սպասելեն, և իր զայրույթը հաճելի բան մը չէր: Սակայն խեղճ կինը սխալեր էր:

Դուռը զարնողը իր ամուսինը չէր, այլ սպասավորի կերպարանքով մեկը, որ քըրըքճիին տունը այնտեղ ըլլալը հաստատելե ետքը, իմացուց թե Գեղամոֆներուն կողմե ղրկված էր խնդրելու տիկինեն, որ պարոնին և օրիորդին ընթրիքի չսպասե այն գիշեր:

Ժպիտ մը ցոլաց Բեմպե հանըմին գիրուկ դեմքին վրա. սակայն առանց իր ուրախության անձնատուր ըլլալու, հիշեց թե գիշերվան ցուրտեն պատսպարվելու համար բան մը տված չէր աղջիկը, և ծառան կեցնելով, գնաց շալ մը բերավ պատվիրելով որ իրեն ձեռքը տա: Հետո, զգուշությամբ դուռը փակելով՝ վերստին մտավ այն սրահը, ուր պատրաստված էր սեղանը և զոր հազիվ կը լուսավորեր ճերմակ սփռոցին վրա պահ մը առաջ վառած ձեռքի լամպարը, տկար նշույլներ արձակելով նկարակերտ որմերուն. ոսկեզօծ ցողունին, անկե կախված շքեղ լամպարներուն, մետաքսե թիկնաթոռներուն, սեղաններուն, աշտանակներուն, աթոռակներուն վրա:

Բեմպե հանըմ այս ամեն շքեղությանց մեջ կ՚երթար կուգար սեղանին սպասները վերցնելով, որոնք կը բաղկանային երեք հատ սևանկար պնակե, նույնչափ պատառաքաղե, անձեռոցե, գավաթե և ջուրի սրվակե մը, զարմանալի հակապատկեր մը ներկայացնելով սրահին պերճության հետ, ինչպես իր կապույտ կտավե հաստ գոգնոցը, հանգրիճած քղանցքները, անոնց ներքևեն երևացած կոշտ ճերմակեղենները