Հուղարկավորության օրը եկեղեցի գացեր էր ամեն զգուշություն բանեցնելով Տիգրանին աչքին չհանդիպելու համար ջանալով կարդալ ամենուն նայվածքին, լսել ամենուն խոսակցության մեջ Բուբուլին ակնարկող բառ մը:
Սոֆիին անտանելի հոգերեն մեկն ալ եղբորը այս դառն վիճակն էր: Գիտեր պե նորատի աղջկան իրական կացությունը անոր հաղորդել զայն մեռցնել էր և հիվանդին անկողնին առջև կեցած՝ խելահեղ կը դիտեր այդ փակ աչքերը, այդ դալկացած ու փորված այտերը, ապարագույն շրթունքները, պրկված վիզը, որոնց վրա մահվան ստվերը կը տարածվեր:
Հանկարծ վարի հարկեն աղմուկ մը խառնաշփոթ աղաղակ մը հասավ ականջին, սրահին մեջ ձայներ բարձրացրեր էին. տեղերնեն կ՝ելլին, կը նստեին. աթոռները ասդին անդին կը հրեին:
Մեկ քանի օրե ի վեր այնքան վարժվեր էր տխուր դեպքերու, որ կարծեց թե նոր աղետք մը պատահած է, և փութով վար իջավ: Բայց չէ, պ. Գեղամոֆի հուղարկավորության թափորն էր, որ կ՝անցներ ապարանքին առջևեն, և ղայն դիտելու համար բոլոր տիկինները պատուհանին առջև խռնվեր էին: Իրեն ալ տեղ բացին:
Սոֆի չուզեց առաջ անցնիլ, աթոռի մը կռթնած կեցավ բազմության հետին. ոչ սիրտ ուներ, ոչ ալ աչք բան մը տեսնելու: Բայց կը լսել փողոցին մեջ ծանր, երկար, խռպոտ եղանակները եկեղեցականներունՙ որոնք իրենց կոկորդին բոլոր տաղանդը ի գործ կը դնեին մեռելական աղոթքները այդ առատաձեռն դիակին համար:
Եվ ՙՙԱշխարհ ամենայն՚՚ի տրտում եղերերգությունը կը նվազեր հետզհետե քանի կը հեռանար թափորը, և հովը իր ողբակոծ սույլը լսելի կ՝ըներ դուրսը՝ լալով կարծես այդ բարեգործ, արդար մարդուն մահը: Սոֆի կ՝արտասվեր աթոռի մը վրա ինկած, կ՝արտասվեր հեծկտալով, մինչ բոլոր տիկնայք ՙՙերկար կյանք՚՚ կը մաղթեին իրարու:
Հանկարծ սպասուհի մը արտորնոք ներս մտավ խռոված:
— Հասե՛ք, օրի՛որդ, Սոֆի, հասե՛ք, գոչեց, օրիորդին