Այս էջը հաստատված է

տապանաքարերու կը նմանեին սև երկնքի մը հատակին վրա նկարած:

Սոֆի մերթ ընդ մերթ կը լսեր պահակներու երթևեկին շշուկը, որոնք փողոցներուն անկյունը կանգ կ՚առնեին ստվերներու խլրտումը զննելով: Այս տրտմաթախիծ արշալույսը, որ հոգնած դալկություններով կ՚արթնանար, այս փողոցի կանթեղները, որոնք հոս հոն կը բեկբեկեին տակավին, տրտմությամբ կը համակեին զինքը, որ միտքը կը բերեր այն ցավալի դեպքերը, որ հետզհետե հաջորդեր էին իրարու, պ. Գեղամոֆին կաթվածահար ըլլալը, անոր մահը, Բուբուլին հիվանդությունը, խելագարությունը, որ երկու օր տևեր էր. այս ամենուն մեջ Տիգրանին զայրույթը, վրեժխնդրության սպառնալիքները, հիվանը տունեն դուրս նետելու համառությունները: Ասոնց չկարենալով վերջապես դիմանալ Սոֆի, գրեր էր եղբորը ամեն բան, և գիշերանց, ցուրտին ու անձրևին տակ փոխագրեր էին դժբախտ աղջիկը Բերայեն Ղալաթիա, Գառնիկին աղքատիկ սենյակը, ուր կը բնակեին այն օրեն ի վեր:

Բուբուլ վտանգը անցուցեր էր սակայն: Նույն առտուն բժիշկը ապահովեր էր զիրենք անոր ապաքինության նկատմամբ, եթե տենգը չվերանորոգվեր և գիշերն ի բուն քույր եղբայր սպասեր էին անոր սնարին քով մտահոգ, համրելով անոր շնչառո՛ւթյունը, մերթ զննելով անոր բազկերակը, քաջալերելով զիրար, փարատելով իրարու կասկածանքը և ամենեն շնչին երևույթներու տակ բարեգուշակ նշաններ երեվակայելով:

Բուբուլ կ՚սկսեր ապաքինել, և սակայն Գառնիկին բոլոր նյութական միջոցները սպառեր էր: Ծախսվեր էին Սոֆիին բոլոր խնայողությունները, հատեր էր Գառնիկին աշխատությանց բոլոր արդյունքը, ստիպվեր էր վաճառելու ոչինչ գիներով արվեստանոցին մեջ իր տաղանդին հռչակը կազմող գործերը, և նոր ապսպրանք չէր գար իրեն: Բրինքիբոյի արկածեն ի վեր ուր իր թևը խորտակվելով բավական ատեն փակ մնացեր էր արվեստանոցը, հաճախորդները հեռացեր և վերջապես մոռցեր էին զինքը, հաճախորդներ, որոնք շատ