ԻԳ
Խորին մելամաղձության մեջ անցուցեր էր Լյուսի բոլոր ձմեռը Պյուլպյուլ-Տերևի տանը մեջ. այս գեղեցիկ օրերե ետքը, որոնք եկեր էին իր նսեմ կյանքը ոսկեզօծել պահ մը, և որոնք ավելի զգալի կ՚ընեին հիմակ իր գձուձ վիճակը:
Թույլ զգեստով մը առավոտեն մինչև իրիկուն մինակ նստած պատուհանին առջև, կը դիտեր փողոցին անցորդները ձյունին ու անձրևին տակեն. շուկայի մարդիկ տոպրակը ձեռքերնին, դպրոցի աշակերտներ պայուսակներ վիզերնուն անցուցած, թաղին հացագործները, անփոփոխ միօրինակությամբ առտու իրիկուն անցնելով դառնալով նեղ ձորակին զառիվայրին եզերքեն, և ճամբուն հեղհեղին գոռումը որ սև ու պղտոր՝ հսկա օձի մը նման կատաղած կը սողար իր ջրային օղակները կծկելով ու պարզելով արագ, անհատնում ընթացքին մեջ:
Անշարժ իր անկյունին մեջ՝ գլուխը բարձին կռթնցուցած, փայլուն երևակայությանց մեջ կը թափառեր Լյուսի: Կառքեր, պալատներ, շքեղ պարտեզներ, գոհարեղեններ կուգային կ՚անցնեին երևակալությանը առջևեն, ու օդային դղյակներու քաոսին մեջ մոլորած՝ մտքեն իսկ չէր անցըներ երթալ մորը օգնել, երբ ան վարը, խոհանոցին մեջ թևերը հանդրիճաճ տաաշտին առջև լաթ կը լվար կամ գետինը ծռած միս կը ծեծեր: Լյուսի այդ տեսակ գործերը կ՚արհամարհեր, մանավանդ ձեռքերուն նրբությունը ավրելե կը վախնար, վասնզի մատերու կոշտությունը օրիորդին ջիղերուն կը դիպչեր և ամեն անգամ որ Բեմպե հանըմ աղջկանը մազերեն թել մը շտկելու կամ ուսին վրա փակած դերձան մը վերցնելու համար ձեռքը անոր վրա դներ «Ո՜ւֆ, մա՛յր, ձեռքերդ ճենճ կը հոտին կոր» կ՚ըսեր զզվանքով: Ու օրն ի բուն կը մաքրեր, կը սղոցեր, կը փայլեցներ եղունգները զորս երկնցուցած էր իր կարդացած վեպերուն հերոսուհիներուն նման:
Բեմպե հանըմ կը մտածեր թե Լյուսի իրավունք ուներ. ուսումնական աղջկան մը անվայել բան էր կոշտ գործերով զբաղվիլ, բայց կը զարմանար տեսնելով որ բնավ գործի մը