գուշակեր էր բախտագուշակ կինը, իր բոլոր երազներուն, բոլոր փառասիրությանց դուռն էր, որ լուսափայլ ապագա մը կը բանար իր առջև:
Լ
Բանկալթիի կողմը, բաց մարգագետնի մը վրա միահարկ փոքրիկ տուն մը վարձեց Գառնիկ, և հոն փոխադրվեցավ մայիսի սկզբները երկու աղջիկներուն հետ: Սիրուն կոկիկ բնակարան մը, ուր մաքրությունն ու ճաշակը կահ կարասիներու թերին կը լրացներ, և ուր ծաղիկներու և դալար սունկերու լիությունը՝ զորս երեկոյան պտույտներու ատեն դաշտերեն կը ժողովեին, ամեն ճոխության տեղ կը բռներ: Թեթև վարագույներուն տակեն արևը ուխորեն կը մտներ ներս, և կյանքով ու զվարճությամբ կ՚ողողեր ամեն կողմ:
Առտուն, թռչունները պատուհանին առջև կուգային զիրենք արթնցնելու, և իրենց անուշ ճյուճյուով կ՚ընկերանային նախաճաշի պահուն անոնց եռանդուն խոսակցության իրարու համար համակրություններով, մանր ուշադրություններով և հաճելի ըլլալու անդուլ տենչերով լեցուն:
Այնպիսի սիրուն, հանճարեղ բաներ կ՚ըսեին, այնքան կը խնգային, կը զվարճաբանեին, որ կարծես հարատև խնջույք մը կը կատարվեր այդ անպաճույճ տանը մեջ, վասնզի երջանիկ էին իրարու հետ, և երեք ալ իրարու համար և իրարմով կ՚ապրեին միայն:
Նախաճաշեն ետքը կը բաժնվեին, յուրաքանչյուր իր զբաղմանց դառնալով: Սոֆի դպրոց կ՚երթար, Գառնիկ՝ իր արվեստանոցը, իսկ Բուբուլ խոհանոց կիջներ:
Այն ատեն կ՚սկսեր իր մտատանջությունը իրարմե գաղտուկ, թեև ամենուն շարժառիթը միևնույնը եղած ըլլար, դրամի պակասությունը:
Գառնիկին գործերը ազեկ չէին երթար բնավ քաջալերություն մը չէր գտներ իր ասպարեզին մեջ, և օրե օր կը վհատեր: Սոֆիին ամսաթոշակն ալ բան մը չէր, երկուքուկես