Դանդաղ քայլերով կ՚անցներ, օդափոխության պատճառավ ամայացած տուներուն առջևեն, որոնց ամեն մեկը հիշատակ մը կ՚արթնցներ իր մտքին մեջ. և անգիտակից շարժումով մը կը հետևեր երևակայությանը հոսանքին, որ կը տաներ զինքը դեպի հեռուն, դեպի անցյալը:
Հանկարծ Միապետյաններուն դրան առջև գտավ ինքզինքը: Պատուհաններուն երկաթե փեղկերը բաց էին, և վեժերը կիսովին վերցված՝ տանտերերուն ներկայությունը կը հայտնեին: Մտածեց թե ամարանոց չէին գացած տակավին՝ անշուշտ իրենց զավակներուն դպրոցական քննությունները ավարտված չըլլալուն պատճառավ. և հեղակարծ խորհուրդ մը ծագեցավ մտքին մեջ:
Պահ մը առաջ լսեր էր Սոֆիեն, թե թաղ. խորհուրդին ատենապետն էր Միապետյան, և ինք անոր կնոջը հետ սերտ մտերմություն ունենալուն՝ կրնար իր ձեռնարկին հաջողությունը դյուրացնել, եթե դիմեր անոր: Իրավ, Գեղամոֆի ապարանքեն մեկնելեն ի վեր նախկին բարեկամներեն ոչ ոք եկած էր զինքը տեսնել, բայց պատճառ մը չէր այդ, որ ինք չերթար անոնց, քանի որ իր բնակարանը անծանոթ էր ամենուն:
— Տիկինը տո՞ւնն է, հարցուց դուռը բացող ծառային:
— Տունն է, պատասխանեց առանց զինքը ներս հրամցնելու:
— Կը փափաքիմ զինքը տեսնել:
— Անուննի՞դ, հարցուց ծառան անոր վրան գլուխը զննելով:
— Ըսե՛ք թե Բուբուլ եկած է, գոչեց ապահով շեշտով մը: «Գեղամոֆ» պիտի ըսեր, բայց կանգ առավ, այդ իրավունքը ունե՞ր հիմակ, որ տարամերժված էր անոնց որդեգրութենեն:
Ծառան գետնահարկի սենյակներեն մեկը տարավ զինքը, և հոն մինակ թողլով դուրս ելավ:
Քառորդի մը չափ սպասեց հեք աղջիկը, և այդ միջոցին հազարումեկ խոհեր եկան պաշարել զինքը: Շատ անգամ եկած էր այդ տունը, և ոչ ոք համարձակած չէր հարցնել իր անունը: Հարգանքով շրջապատված կ՚անցներ ապարանքին