Այս էջը հաստատված է

սրահներեն և տան տիրուհին սանդուխին գլուխը կը դիմավորեր զինքը իր ամենեն սիրուն, ամենեն փաղաքուշ ժպիտովը:

Սենյակին դրան ճռինչը սթափեց զինքը իր մտածումեն:

Միևնույն ծառան էր:

— Տիկինը ներողություն կը խնդրե. քիչ մը տկարություն ունենալուն չպիտի կրնա ձեզ ընդունիլ, ըսավ մեքենաբար:

Բուբուլ կարծեց թե երազի մեջ է ու աչքերուն առջևեն մշուշ մը անցավ. սենյակը կը դառնար գլխուն վրա, բայց ուժ ունեցավ ոտք ելլելու և դուռեն դուրս նետվեցավ:

ԼԱ

Ոչ միայն չընդունվեցավ Բուբուլ դպրոցին մեջ, այլև Սոֆին ալ ճամբվեցավ հոնկե:

Պատվարժան հոգաբարձությունը պետք եղած տեղեկությունները ստացեր էր անոնց նկատմամբ, և հարմար չէր դատեր վարժարանին ուսուցիչ կարգել իր սիրահարին հետ փախչող աղջիկ մը: Այսպես կը խոսեին հիմա շատերը անոր մասին: Տիգրանին զայն հիվանդ վիճակի մեջ դուրս նետած ըլլալը գաղտնի մնացեր էր բոլորովին: Սոֆին ալ ո՞չ ապաքեն այդ անպարկեշտ աղջկան հետ կը կենակցեր, ան ալ բարի ծաղիկ մը ըլլալու էր մյուսին պես. կը զղջային վերիվերո ծանոթություններով զայն ընդունած ըլլալուն:

Սխալ մը եղած էր գործին մեջ, և հիմակ հանդիսավոր կերպով կ՚ուզեին այդ սխալը քավել: Ատանկ անպատիվ աղջիկներ դպրոցին մեջ...: Բոլոր մայրերը պիտի գայթակղեին, ժողովուրդը պիտի բողոքեր, եթե իրենք աչք գոզեին:

Բուբուլ մինչև այն ատեն մեկուսի կյանք մը ունենայուն՝ բան մը իմացած չէր, և չէր կասկածեր անգամ, թե դուրսը ինչեր կը խոսեին իր մասին և թե ինչեր կը մտածեին: Եվ միթե կրնա՞ր մտքեն անցընել այն անվարկեւթյունները