առաջ շատ ուղևորներ հասեր էին արդեն և վերնահարկը կը թնդար խառնաշփոթ գոչյուններով: Սանդուխին վրա բեռնակիրներու երթևեկը, որոնք սնտուկներ տեղավորելու համար կ՝ելլեին կ՝իջնեին, ճամբորդներ բերող նավակներու համախըռնումը, որոնք կը մերձենային կամ կը հեռանային կանանց, մանուկներու իրարանցումը, ասոնց և ոչ մին կրցան սթափել վշտահույզ աղջիկը իր երաղանցող վիճակեն: Հարկ եղավ որ երիտասարդը դրկե, վերցնե զայն: Այն ատեն, մեքենական շարժումով մը վեր ելավ չվանե ելնարանեն, որ շոգենավեն դեպի ծովը կախված կը կենար: Եվ ահա մինակ էր նավուն վրա Գառնիկին հետ, մինչդեռ հայրը և Սոֆի ն բեռերնին մակույկեն դուրս հանել տալու կը հսկեին: Թերևս վերջին անգամ էր, որ կը կենային քով քովի:
Կ՝ուզեր անոր գիրկը նետվիլ, կ՝ուզեր պաղատիլ, որ չթղու զինքը, կ՝ուզեր ըսել անոր թե մահվընե ավելի դառն էր այդ բաժանումը: Չէր կրնար, չէր համարձակեր: Այսպես երկչոտ չէր եղած սակայն, երբ Գառնիկ իրմե բաժնվելու ստիպված՝ կը տառապեր Գեղամոթի վերջին երեկույթին գիշերը:
Բոլոր ուժը, բոլոր պերճախոսությունը ի գործ դրեր էր զայն սփոփելու համար, և զոհեր էր պարտքերն ու պատիվը անկե անբաժան ապրելու բաղձանքին, այն ատեն որ ուրիշի մը նշանածն էր ինք, և հիմա որ ամենևին կապ չուներ, հիմա որ կրնար ազատորեն նվիրվիլ անոր, ինչո՞ւ կը վարներ…:
Կյանքի ամենեն ստորին, ամենեն ճղճիմ հաշիվը կուգար խառնվիլ իր սրտին ձգտումներուն: Բաբե՜, նյութականը կը քանդեր հոգեկան շենքը իր էության:
Այն ատեն հարուստ կը կարծեր ինքզինը, և հիմակ աղքատ էր, հիվանդ էր և կը վախնար անոնց բեռ ըլլալե: Ինչո՞ւ չէր ուզեր գոնե ընկերանալ իրեն հոն ուր այնքան դյուրին են կյանքի պայմանները: Երկուքնին անբաժան ըլլալե ետքը, կա՞ր իրենց համար տարագրություն: Ճշմարիտ տարադիրը լքյալ հոգին է միայն: