և հետո, երկու աղջիկներն ալ տանելով հոն ապրելու համար, բայց Սոֆի միշտ դեմ կը կենար այս խորհուրդին, վախնալով որ մի գուցե այդ ճամբորդությունը աղետալի ըլլա Բուբուլին: Միշտ լուրջ, միշտ խոհեմ եղած էր էր ան, և ապագային գաղտնիքը գուշակելու հատուկ նախազգացում մը ուներ որ զինքը չէր խաբեր բնավ: Կը կասկածեր իր եղբորը հաստատամտության մասին և իրավունք ուներ: Պանդխտությունը թեպետ ամրապնդեր էր Բուբուլին աննենգ սրտին հոդերը, բայց կրնար թուլացնել զանոնք անոր նշանածին հոգվույն մեջ, և տարագիր աղջկան նամակները կուգային հաստատել շարունակ թե այդ տեսակ աղետք մը իր մահն էր: Ուստի Սոֆին ալ իր կողմե կը ճգներ գործ մը գտնել Գառնիկին, ամեն նկատում, ամեն հպարտություն մեկ կողմ դրած, կը խնդրեր իր բարեկամներեն ու ծանոթներեն անգամ որ օգնեն իրեն այդ մասին:
Գառնիկ արվեստանոցը փակեր էր բոլորովին, և սրճարանները ժամանակ կ՚անցըներ: Օր մը Սոֆիին երկու աշակերտուհիներուն մայրը՝ որ զգայուն և խելացի կին մը ըլլալով՝ գնահատած էր նորատի ոսուցչուհիին բոլոր արժանիքը , և կը կարեկցեր այդ աշխատասեր համեստ աղջկան վրա, որուն սիրտն ու միտքը իր եղբորը նվիրված էին բոլորովին, իմացուց իրեն թե տարեց մորեղբայր մը ուներ, որ գործե քաշվելու դիտավորության ոնենալով՝ կ՚ուզեր իր պահանջքը գանձելու և եկամուտները կառավարելու ձեռնահաս գործակատար մը ունենալ: «Եթե եղբայրնիդ կ՚ուզե, ներկայացնենք իրեն: Մորեղբայրս քիչ մը ժլատ է, առաջուց մեծ ամսական մը չի տար, բայց եթե գոհ ըլլա, փոխադարձաբար գոհ կ՚ընե իր պաշտոնյաները»:
Սոֆի երախտագիտության արցունքով ընդունեց տիկնոջ այս առաջարկը որ եղբորը ազատությունն էր: Շաբաթ մը ետքը, Գառնիկ Շահապետյան Սահակ աղային գործակատարը եղած էր ութը ոսկի ամսաթոշակով, և ապագային համար փայլուն խոստումներով:
Քիչ ժամանակեն հաջողեցավ Գառնիկ շահիլ իր տիրոջը վստահությունը, վասնզի աշխատասեր էր ու գործունյա,