իրավունքը կանանցն է հոն ընդհանրապես: Հոն տատիկին չկա գրեթե, որովհետև ամենքն ալ գործավոր են, և անոնք միայն տունը կկենան, որոնք ծեր կամ անկար են:
Այդ աշխատավորներուն վրա հետք մը մնացած չէ կանացի փափկության.բոլորն ալ վտիտ, բոլորն ալ ոսկրոտ, գունատ ու առնական կազմվածքով կիներ են, որոնք լվացքի կաթսան կամ տասը օխա հացով լեցուն թապլան ուսերներուն վրա կտանին իբրև թեթև բան մը առանց կնքելու առանց հոգնելու:
Վերջին գործարանը իր սույլը արձակած էր, Պրտտոնօղլուներու գործարանն էր վերի թաղին ամենագեղեցիկ շենքը՝ բաց կապույտ ներկով, զոր կշրջապատեին թթի պարտեզներ, տերևազուրկ ծառերով, վանսզի տերևները գարնան մեջ կկտրվին շերամները սնուցելու համար հոն վայելչության համար բան մը չեն ըներ, ամեն ինչ պետքի համար է: Գեղեցիկը, ավելորդը անծանոթ բան մըն է տեղվույն ամենեն հարուստ բնակիչներուն համար անգամ, որոնցմե ամենեն փայլուներն էին Պըտտոն-օղլուները: Միշտ միևնույն աղջիկներն ու կիներն էին, բայց ավելի շատ որ, վասնզի հարուստ գործարաններուն մեքենաները մինչև հարյուր հատ ճախարակ կդարձնեն, և յուրաքանչյուր ճախարակի առջև մեկ գործավորուհի կաշխատի:
Այդ ճչող ու վազվազող կանացի խաժամուժին մեջ բարձրահասակ աղջիկ մը կնշմարվեր խարտյաշ: Անոր ալ նիհարութենեն աչվները փոսը ընկած էին,այտերը գունաթափ ու արևահար, ձեռքերը եռացած մեջ աշխատելն ուռած ու կարմրած մյուսներուն նման, պարզ սև շրջազգեստ մը հագած էր, մազերը տեղվույն սովորության համեմատ հյուսված ու ձգված էին ետին գլուխը անենց պես ճերմակ լաչակ մը կկրեր, միայն ոտքերը գուլպա ու կոշիկ ունեին, բայց հեռուեն, իր համեստ ու շնորհալի քայլվածքը,բարեձև կլորիկ մեջքը կզատորոշեր զինքը իր ընկերուհիներեն: Իսկ մոտեն, իր դիմագծերուն նրբությունը, երեսներուն,վզին մաքրությունը, մազերուննոր սանրվածք, կոկիկ ու փայլուն հյուսկենները, լվացված ու խնամված ակռաներն ու եղունգները: