Երբ այգն իր ցողը կաթե արծաթյա
Ինչո՞ւ կը ժըպտին ափերը կանանչ:
Գիտե՞ լըճակն ինչու կը ցոլա:
Ինձ կը հարցընեն, ինչո՞ւ կը սիրես,
Երբ կյանքեդ ինկան այնքան թարմ թերթեր,
Երբոր խույս տըվավ քու սիրույդ երազ,
Եվ ըղձանքներդ ալ կ՚ըլլան տարուբեր,
Ինձ կը հարցընեն, ինչո՞ւ կը սիրես:
— Հարցուցե՛ք շյուղին հողին մեջ հուռթի.
Ինչո՞ւ չի ցամաքիր անձրևներեն վերջ.
Հարցուցե՛ք աղբյուրն ինչո՞ւ կը հորդի
Երբոր սահանքներ կը հոսին իր մեջ:
Հարցուցե՛ք շյուղին հողին մեջ հուռթի:
Հարցուցե՛ք դաշտին հասկերուն դողդոջ.
Ինչո՞ւ կօրորվին ու կը վետվետին.
Ինչո՞ւ ծառերը կ՚արձակեն բողբոջ
Սոս եղևնիեն մինչ պըտերն հետին:
Հարցուցե՛ք դաշտին հասկերուն դողդոջ:
Ինչո՞ւ, ա՜հ, ինչո՞ւ ես ալ չեմ գիտեր,
Բայց կ՚ուզեմ խոսիլ, երգել անխընա,
Հորդ, անդուլ ինչպես կը գըլեն գետեր,
Եվ խընդալ կյանքի անուրջին վըրա:
Ինչո՞ւ, ո՜հ, ինչո՞ւ ես ալ չեմ գիտեր:
1902