Այս էջը հաստատված է

կրակը մարած էր ժամանակը, կը մնար իր սրտին ալիքներուն մեջ, իբրև երջանկության մը գաղտնիքը, որուն հրապույրը ոչ թե կորսված, այլ հեռացած էր իր սիրո առարկային հետ:

Քաղցր զգացումով մը կը մտածեր հիմակ այդ անհետացյալ էակին վրա, որմե զգացած արբեցությունը ոչ ոք կրցած էր ազդել իրեն այնուհետև, թեպետ անոր նկատմամբ ոչ թե իրական զգացում մը, այլ անոր քաղցր հիշատակը միայն պահած ըլլար:

Բայց ասոնք վերլուծելու ոչ առիթ ունեցած էր, ոչ ալ փափաք: Միշտ սիրել կը կարծեր Բուբուլը, որովհետև անկե բաժնված ատեն կը սիրեր, և այդ սիրույն զոհած էր իր ապագա փառքին ասպարեզը որ արվեստագետի մը հոգվույն ամենեն զորավոր թելն է:

Սոֆին ալ որոշ բան մը չէր գիտեր անոր ներքին տրամադրությանց մասին, սակայն նախազգացում մը կ՚ըսեր իրեն թե պետք էր վառ պահել անոր սիրո զգացումը: Իր հարատև ճիգերուն հաջող ելքին վրա կը հրճվեր հիմա: Վերջապես անվարան գրեր էր Գառնիկին այս նամակը որ մեկ քանի օր առաջ այնքան խորին հուզմանց ենթարկեր էր դժբախտ Բուբուլը: Ու հիմա աշխատության սեղանին առջև նստած՝ անոր պատասխանին կ՚սպասեր Սոֆին երևակայելով իր սիրելի բարեկամուհվույն ցնծությունը, և կանխավ հեղհեղելով մտքին մեջ այն երջանկության գորովալից տեսարանները, որոնք տեղի պիտի ունենային անոր Պոլիս հասած պահուն: Եթե գիտենար թե ի՜նչ սրտաճմլիկ ցավերու, ի՜նչ արյունռուշտ ոգորումներ պատճառ եղած էր իր եղբորը նամակը հեք աղջկան սրտին մեջ, արթնցնելով հոն նիրհող հույսը այնքան ցանկալի, և հաստատելով երջանկության հնարավորությունը, որ ավելի դժնդակ հանգամանք մը տված էր անոր զոհողությանց: Սոֆի ոչ միայն չէր գիտեր ասոնք, այլև ամենափոքրիկ կասկած մը չէր կրնար ունենալ Բուբուլին վիճակին վրա. ըստ որում Արթին աղային հիվանդության վրա մանրամասն տեղեկություններ հաղորդած չէր ան իրենց: Անգամ մը գրած էր միայն, թե հայրը տկար էր, և այնուհետև