Այս էջը հաստատված է

ճաշի վար դրին զիս, չկրցա մերժել գիտես թե միշտ երախտապարտ եմ անոնց, և սեղանին վրա գավաթ մը ջրախառն գինի խմած եմ միայն: Հիմա որ արդարացուցի ինքզինքս զքեզ անքուն սպասեցնելու հանցանքիս մասին, կը ներե՞ս որ երթամ պառկիմ:

— Հանգիստ քուն մը մաղթեմ, պատասխանեց Սոֆի ուշադիր զննելով անոր ստվերը, որ կանհետանար պատին վրայեն:

Արդյոք իրո՞ք գինով է, կը հարցներ ինքնիրեն նորատի աղջիկը: Բայց ձայնը, արտասանությունը, շարժուձևերը, քայլվածքը անթերի կանոնավորություն մը ունեին, միայն խոսքերը պարագային անպատշաճ էին, և տրամաբանութենե զուրկ թվեցան իրեն: Հապա այդ տարօրինակ զվարթությունը ի՞նչ էր, երբ իր կարգադրած ամուսնությունը անակնունելի դիպվածով մը ետ կը մնար հանկարծ:

Իզուր կը հոգեր Սոֆի գուշակելու բան մը զոր Գառնիկ ինք ալ չէր գիտեր։ Այդ զվարթությունը մեկեն ի մեկ եկած էր իրեն այն իրիկունը, Սահակ աղային հետ պեզիկ խաղացած պահուն երբ Մելինեն աթոռը առեր քովը եկեր էր օգնելու համար իրեն, և իր զվարճությունները շատ մը խնդացուցեր էր զիրենք։

Մելինեն յիմա տղա չէր սակայն․ տասնըվեց տարեկան աղջիկ մը եղած էր, որ արձանագործի մը համար կրնար գեղեցիկ համարվիլ իր մարմնին շնորհներովը, եթե բանաստեղծի մը համար սիրուն չէր իր ցամաք սրտովն ու անմշակ հասարակ մտքովը։

Ծնողքը զինքը շատ սիրելնուն զրկած չէին աչքերնուն չհեռացնելու համար․ միայն դաշնակի վարպետ մը ունեցած էր, բայց դժբախտաբար իր արշալույսի պես մատերը այդ հրեղեն արվեստին աշխույժ թռչտումներուն համար հորինված չըլլալով, հրաժարեր էր անկե, բավական համարելով արևելյան եղանակներու քլե տը սոլը միայն սորվիլ, որոնց քլե տը ֆաին տեղ ալ միևնույն խազերուն վրայեն աքթավով կանցներ, և այդ շինծու նվագածությամբ ժամերով կը զվարճացներ ոչ միայն ծերունի ծնողքը, այլև զարգացած արհեստագետը