դեմքը ձեռքին մեջ առած կը նստեր ժամերով, դիտելով երկինքին ամպերը, որոնք անրջային մառախուղով մը կը պատեին հորիզոնը: Կը նայեր աղոտ վերջալույսին մեջեն պարտեզին ծառերուն, որոնք երազի արվականներու պես մերկ ու սև էին, և փողոցին պատերուն եզերքը բուսած վերջին ծաղիկներուն, որոնք գլուխնին կը կախեին աշնան հովերուն տակ դալկանալով: Ոչ օդին մեջ արձագանգ կար և ոչ եթերին մեջ՝ աստղեր. գիշերը մութ էր, ցորեկը՝ լուռ. բնության կյանքը անսահմանելի վանկով մը կը նվազեր ամեն մեկ խորշի,ամեն մեկ շյուղի, ամեն մեկ ծմակի խորը: Իր զգայուն սիրտը կը փղձկեր այս տրտմալի տեսարանին առջև,որ կենսական ճակատագրին, տիեզերական մեծ օրենքին, իրերու հարաշարժ փոփոխականության, բոլոր էակներու անկայուն ծփման կոծման և անհետացման կենդանի պատկերն է։ Մտախոհ կը մնար այդ խորհրդավոր տատանումներուն, թոթափումներուն առջև․ հառաչանք մը կը մարեր իր կուրծքին տակ, և հրատոչոր կոծով մը դուրս կուգար անկե սա հոգեմաշ աղաղակը․ Կանցնի ուրեմն։
Այո, կանցնի ու պիտի անցնի,կըսեր բնության տեսարանը իրեն․այնքան բոցեր,այնքան կոծեր, այնքան հույզեր, այնքան հույսեր և այդ սիրտը և այդ հոգին, զոր օվկյանին չափ անսահման և երկնքին չափ լայն կը կարծեիր․որուն բաբախումները ծովուն ալիքներեն ավելի բազմաթիվ, որուն ուժը շանթերեն ավելի ահեղ, որուն փոթորիկը բոլոր տիեզերքին հովերեն ավելի ահարկու կերևակայեիր, այդ անհատում սերը՝ որ երիտասարդությանդ մեջ կրնար բոցավավառել երկինքին գունտերը ողջույն, այդ գութը, այդ հավատքը,այդ հույսը ամենքն ալ պիտի շիջանին յուղասպառ կանթեղի մը լույսին նման․․․։
Բուբուլ անընդհատ հուզումներ ուներ այս տրտում խորհրդածություններ ընելով։ Ինք որ երբեմն իր գեղովը հպարտ, սրտովը ազատ, ուժովը առատ էր,ինք որ գիտեր թե իր մեկ նայվածքը ինչեր կրնար ընել, թե իր սիրտը ինչեր կրնար տալ, և ինչ երանություններ ստեղծել իրեն և իր սիրելվույն համար, ինք որ կզգար թե իր ուժը ինչերու