Դո՛ւն առաջին վանկ շրթունքիս, առաջին վանկ իմ հոգվույս,
Նախկի՛ն հնչյուն իմ մանկական լեզվիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ հուզումներս, իղձս ու հույս,
Իմ մայրենի քաղցրի՛կ բարբառ, ողջո՜ւյն քեզ:
Քու բառերեդ արևեն վառ ու բյուրեղեն ալ վըճիտ՝
Իմ հոգվույս մեջ բոց մը կաթեց մշտակեզ,
Հուր ծարավ մը անհունության, բարվույն, մեծին ճշմարիտ.
Ո՜վ մանկությանս ազնիվ լեզու, կ՚օրհնե՛մ քեզ:
Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մնացի ընտանիքես, տընակես.
Այլ քու կարոտդ անդարման ցավն եղավ սրտիս կարևեր,
Ո՜վ իմ լեզուս, ամեն իղձ զո՜հ ըլլա քեզ:
Զարմանահրաշ վըսեմ թարդման դուն սրբությանց անմատույց,
Դուն արձագանգ հայ անցյալին, կյանքին վես,
Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացույց,
Ո՜վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛վ քեզ:
Ալեծաղիկ կատարներու անմահ զավակ դարավոր,
Ծոցեդ անշեջ ճառագայթներ կը կը ժայթքես.
Մշտափթիթ գարուն մ՚անանց կը պըսակե դեմքդ աղվոր,
Անզուգական, քնքուշ լեզուս, համբո՜ւյր քեզ:
Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթռումը ոսկի,
Որ հայրենի հուշերն անդուլ կ՚եղերգես.