Երազել, երազե՜լ վարդերուն քով թառամած,
Երազել և հուսալ սև երկինքեն ամպամած,
Աստղերեն անգորով, և ամպրոպեն, շանթեն ալ
Գութ մուրա՜լ:
Հավատալ, հավատա՜լ տիեզերքին բարության.
Զինաթափ, անձնատուր բախտի սուրին՝ անվարան,
Կեղեքվիլ, արյունիլ, սակայն չըլլալ սրտաաբեկ
Ո՜չ, երբեք:
Տառապիլ, գալարվի՜լ, այլ ապրիլ միշտ երազով,
Բոցին մեջ գեհենին հովանիներ տեսնել զով,
Եվ ժպտիլ անվրդով արյուն հոսի երբ սրտեդ
Վետ առ վետ։
Երազել, երազել մինչև իղձերդ արփանուշ
Փըշրվին ու մարին, հոգիդ պատե քար ու փուշ,
Եվ թաղվի երազդ ալ, մոխիր կտրած հողին տակ
Անհատակ:
1930