Այս էջը հաստատված է
ԼՈՒՍԻՆ

Ողջույն կուտամ անհուն սիրով, քեզի, լուսնա՛կ,
Ո՛վ մըտերիմ տըխուր հոգվույս իմ միայնակ,
Թե չըլլայիր դուն, և շողերդ այդ փայփայուն
Ձը շոյեին սըլացքն հոգվույս երազներուն,
Փոս մը կ՚ըլլար կյանքըս, թափուր և ամայի,
Փոս մ՚որ մըռայլ դամբաններու լոկ կը նայի,
Որուն եզերքն ա՛լ չի փըթթիր ծաղիկ և բույս,
Ուր կը մոռնա ցողել արևն իր արշալույս:
Ու կ՚անցնեի ըստվերի պես կյանքին մեջեն.
Քըշելով հոն ուր կը հեծեն, կը հառաչեն,
Կամ նըվաղած կանթեղի պես շիջելափառ
Կը կըքեի ամեն հովի ես անբարբառ:
Բայց դուն, լուսնյա՛կ, քանի վերեն ինծի ժըպտիս
Մըտքիս թըռիչք, ավյուն և հուրք կու՚տաս սըրտիս.
Քանի թողած շողերու հույլն եթերաճեմ
Պատուհանիս առջին կուգաս երբ կ՚աղաչեմ,
Քու ըզգայուն, սիրող անույշ սըրտիդ վըրա
Տաք արցունքով լեցված՝ հոգիս կը գուրգուրա:
Ո՛հ, որքա՜ն բարձր ես, որքա՜ն սուրբ և ի՜նչ վըսեմ,
Նըշույլներուդ ներքև Աստվածն ես կ՚երազեմ:
Տիեզերքի ոգի՞ն ես դուն, թե ոչ հայելին,
Որուն մեջեն սըրբություններ կ՚արտափայլին:
Գըթությո՞ւնն ես կամ դիցուհի՞ն դուն Աթենաս,
Որ խըրճիթին դամբանին կը մոտենաս,
Եվ երբեմն ալ նոճիներուն մըշտագիշեր,
Որոնք տըրտում են, ինչպես մահն ու իր հուշեր:
Դուն չես սիրեր ոսկեպաճույճ ճոխ ապարանք,