Այս էջը հաստատված է
ՊԱՐՈՒՀԻՆ

Մեծ սըրահը «կեցցե»-ներով կը գոռա.
Վարսերն երկար կը վետվետին ուսն ի վար,
Քողին վրա, զանակներե փոսուռա,
Ոսկի թելեր կը կայծկլտան լուսավառ:
Մինչ կը կայթե վես պարուհին, կը ճըկի,
Պարիկ մըն է կարծես ճարտար համբարու,
Որ կը սուրա մոլուցքովը կայծակի,
Ցրցքնելով ծիածաններ ակնառու:
Թաթիկները, բամբիոնները կ՚ընդհարին,
Նազանքներով ժապավեններ կ՚երկննան,
Կը փաթթըվին թույլ թափերովը պարին:
Տոտիկներն ալ թիթեռնիկներ են գարնան,
Անոնց նման ճերմակ, քնքուշ ու թեթև,
Անոնց նման սըլացք կ՚առնեն օդին մեջ,
Այդ սըլացքը հորձանք մըն է հարաատև,
Փողփողում մը դոհարներու, լույս անշեջ,
Որոնք ուլեն, գլխեն, լանջքեն կը ցայտեն:
Եվ շատերը իր զարդերուն կը բաղձան,
Այն վարդերուն՝ որ կը թափին իր այտեն,
Հուր նայվածքին՝ զոր կը սրսկե ցիր ու ցան:
«Ո՜հ, ի՞նչ հեշտ է կյանքը իրեն, ամբո՜ղջ պար,
«Կը մրմնջեն օթյակներեն, ամբո՜ղջ խաղ.
«Չունի ձանձրույթ, ոչ ալ հոգեր վայրապար.
«Իր կյանքն իրավ երկար անուրջ մ՚է չքնաղ:
«Ամեն քայլին կը քաղե ծափ ու ծաղիկ,
«Շուրջն ամեն բան կը ծիծաղի, կը խնդա,
«Եվ լույսի մեջ կ՚անցնին օրերն երջանիկ:»