Այս էջը հաստատված է

Եվ սըրահը «կեցցե»ներով կը թնդա,
Բայց ծափերը մինչ կը դռռան շարունակ,
Ծամերն երկար կը գալարին օդայած,
Մինչ կը ծըփա գլուխն, աղվոր դարդմանակ,
Իր հոգին ալ կը գալարի քայքայված:
Իր խոլ դարձքը` արշավն է խեղճ տերևին
Զոր մըրրիկը կը հալածե փոսն ի վար,
Բունեն զատված, ցամքած, թոռմած կիսովին,
Միշտ կը թըռի ու կը թըռի հողմավար:
Այսպես թալուկ մ'է այդ պարը մոլեգին,
Մահվան կայթ մը զոր ուրու մը կը պարե,
Թըշվառ կին մը որուն այրած է հոգին,
Թեև օծված են վարսերը համպարե:
Մայր մըն է ան, մայր մը սրտեն զարնըված,
Որուն զավակն անկողնին մեջ կը մեռնի:
Այդ ծափերը ապտակներ են, ո՛վ Աստված,
Զոր կ‘ընդունի սրտին վըրա, վե՛րք գաղտնի,
Որպեսզի ցուրտ սենյակին մեջ չըմրսի
Իր խեղճ մանկիկն որ շատ հիվանդ է անդին,
Կարոտ չըլլա քիչ մը հացի ու միսի,
Որ պուպրրիկ մը ունենա դեթ կաղանդին...
Երբոր տեսնեք հագված, շըքված պերճաշուք
Չքնաղ կիներ ու մանուկներ վարդագույն.
Մի՛ նախանձիք, ո՛վ զրկյալներ, գիտցե՛ք դուք,
Սիրտը նույնն է ամենուրեք, ցավն ալ` նույն: