Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Այս էջը սրբագրված է

8. ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ


Պատերազմ է հըռչակված։ Թընդանոթի մը պողպատ
Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մ՛երկիրան,
Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին
Սա դիմացի խրոխտ լերան՝ որ իր գլուխն է մըխըրճեր
5 Կապույտին մեջ արևոտ՝ իբրև հալած կապարի։
Անկե ո՛չ եզ, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին․
Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկնաճիղ․
Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին,
Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ
10 Բուռըն հևքեն զըսպըված թոքերնուն մեջ տապահեղձ։
Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՞ւն մըկնագեղ
Բեռը ձուլվտծ արյունով, բեռը մահվամբ ծանրակիր։
Ետևեն բիրա զինվորներ կը մտրակեն անխընա
Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց,
15 Որոնց մամմինն՝ որ ուներ անբըծություն մարմարի,
Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ։
Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին
Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե
Քըրտինքի շիթ մը մարգրիտ՝ ողնաշարնեն վար սահող
20 Վե՜ր վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին
Կը շառաչեն կըռնակնուն, մեջքերնուն շուրջ կոլորտին,
Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով՝
Կը գալարվին լըղվըռտող օձերու պես քըստմնելի.
Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ,
25 Կամաց կամաց կը սկըսի արյան ծիլեր դուրս բըխել։
Հոլա՜, վե՜ր, վե՜ր։ Ու պարանը անճոռնի, հաստաբեստ,
Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի․