Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Այս էջը սրբագրված է

9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ


Երբ արտին մեջ երգելով,
Խաղա՛ղ հոգի, կ՛աշխատեր,
Ըսպաննեցին։ Տարին եզները ջուխտակ։
Վըկա չըկար։ Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ,
5 Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր,
Որ լերան վրա ամպամած
Խոժոռադեմ կը հըսկես.
Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն՝
Թե ինչպես վարը, բըռնի,
10 Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ,
Եվ պոռթկաց խոնջ ճակատեն
Արյունը տաք, վարդերուն պես հունիսի։
Գայլի՜ եղեռն։ Մըթընշաղին մեջ հիմակ
Ակոսներուն վըրա լուռ
15 Բըզիկ բըզիկ կը պառկի։
Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր՝
Ուր արեգակն առողջ արյունն եռեփեց
Քըրտինքը ա՛լ սառած է.
Աշխատանքի քըրտինքը սուրբ և բեղուն
20 Որ մինչ այսօր, ինչպես արյունը, եղավ
Մըկըրտությունն Արարատյան մշակներուն։
Հերկե խոնջած բազուկներն ա՞լ անգործ են․
Կուրծքը մըռայլ, թավամազ,
Դեպի աստղերը, արձակ,
25 Շեջ հրաբուխ մէ որ կուզե բոց երկընքեն
Դեպ Անհունին սև սառնության ժայթքելու․
Կողը տված է հողին