Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Այս էջը սրբագրված է

Ոգի միր թուխ թևերը շուրջ կը պարզե,
Եվ Տավրոսեն Մասիս, Մասսեն Չամլըճա,
60 Մեռելության մը մեջ խոր
Կոտորածի փողը տըխո՜ւր կը հընչե․․․


Գ


Փակե՛ որջերդ, Հայաստա՜ն,
Արևուն դեմ մի՛ բանար
Դըռները լայն փապարներուդ՝ որոնց մեջ
65 Ես կը տեսնեմ դեղին աչքեր գազանի։
Ծոցըդ փակե՛, որ խորթ զավակ մեծցնելու
Եղավ սովոր և հուռթի.
Երկու զեղուն ծիծերդ, Եփրատն ու Տիգրիս,
Թող պահ մ՝իրենց մեջ խեղդեն
70 Բարբարոս տոհմը շեյխերու, պեյերու։
Օ՜ն, երախներըդ խըցե՛․
Ի՜նչ, չե՞ս տեսներ՝ որ որդիներդ հարազատ,
Դեռ անպատրաստ և անզեն,
Լոկ մուրճերու, սըղոցի
75 Ձայնին կ՝ըլլան ունկնդիր․
Տըրեխներուն վրա իրենց
Արյունի տեղ կալերու ցեխն է դեղին.
Ի՜նչ, չե՞ս լըսեր՝ որ սաղմոսի՛ մեջ միայն
Գիտեն կանչել արշալույսներն հեռավոր.
80 Արորներուն վրա հոգնած
Իրենց կուրծքին մազերը դեռ կը բուրեն
Խո՛ւնկ փոխանակ վառողի։
Օ՛ն, Մա՛յր իմ, Մա՛յր, սա վայրկենիս խեղդե՛,
Մեջըդ ամեն խուժդուժ, ամե՛ն դահճապետ․․․
85 Բայց չե՜ս ուզեր դու ինձ լըսել, և կամ չե՜ս
Կըրնար վրայեդ ըզգետնել
Քաղաքներուդ ավերակներն՝ որոնց տակ
Զըմըռսաբույր մարմինըդ կես կը թաղվի․
Ու կը թողուս որ ըլլա ժա՜նտ Մահը քեզ
90 Բազուկներուն մեջ Ղուրանի ճետերուն․