Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Այս էջը սրբագրված է

Ալփասլանի հոգին ըզքեզ կը պսակե․
125 Պարեգոտդ այդ պատանքներուն պատանքն է,
Եվ քու ձիուդ գորշ ըսթարին ծոպերեն,
Հավերժական բըխումով,
Արյուն մը գաղջ կը կաթի...
Եվ դու խնայել չես ուզեր
130 Բnլոր անոնց՝ որոնք թախծող թևերով
Ճամբուդ վըրա իրենց արևը կուզեն։
Անձավներե անձավ միայն, վերևեդ,
Կը հընչե բառն ագռավներու կըռինչով,
— «Հառա՜ջ, հառա՜ջ»:

135 Եվ քու ճորտերդ ավազակ

Կը հետևին մահ սերմանող արշավիդ․․․
Կուրծքերն կուրծք լյարդաբորբ կը մըխան
Իրենց սուրեն արյան ակեր բանալով․
Կը թավալեն երիտասարդ գըլուխներ՝
140 Որոնց մազերը սև, մազերը խարտյաշ
Ցեխերու մեջ կը պլըշկին,
Եվ ծերերու կոկորդներեն պինդ բըռնած՝
Գանկերն անոնց պատերուն դեմ կը ջարդեն.
Կը բանան մեր մայրերուն
145 Ծոցերը սուրբ՝ որոնցմե
Կը թափին դուրս եղբայրներ դեռ անանուն,
Հայեր առանց դեռ ձևի․
Կը տըրորեն, կը փըշրեն
Գարշապարի, բիրի, պայտի տակ կողեր,
150 Գանկե՜ր, գանկե՜ր, անթիվ գանկեր, լեցնելով
Սալհատակի ճեղքըվածքները բոլոր
Ողնածուծով, ըղեղով․..

«Հառա՜ջ, հառա՜ջ»։

Ո՜վ բարբարոս դու Ոգի,

155 Անցքիդ վըրա, ձայներն ոսկրի փըշրումին
Մինչև երկնի խոր անձավներն հըրեղեն
Կը հընչըվին... Անցքիդ վրա կը խեղդե՜ն