Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Այս էջը սրբագրված է

Նոճիներուն մեջեն խումբն հեգ կը վազե,
Արձակ կուրծքով ու բոպիկ
Դեպ մեռելներն հոշոտված՝
Որոնց արյան տարբեր հոտն
260 Ըստ սերերու տարբերության կը կանչե
Զիրենք այն մեծ փայլին՝ որուն վըրա դեռ
Ապագաներ պիտ՝ ջայլեն։
Ամեն իրենց մեռելներն հոն կը գըտնեն,
Կիյնան իրենց մեռելին քով ծընրադիր
265 Եվ լաչակներն ու կըրկնոցներն ըսպիտակ
Զարթնող սուրբի մպատանքին պես ետ նետած,
Մերկ ծոցերով, աղաղակով, ողբանքով
Ծունկերն իրենց կը ծեծեն,
Կը փեթըռտեն մազերնին,
270 Իրենց կուրծքեն կը ժայթքի բառ մը ոխով,
— Անեծք... ու սև՛ շիրիմներուն մեջ իսլամ
Բոլոր ոսկրերն իրարու դեմ կը ջարդեն.
— Անե՜ծք... ու թու՞րք մայրերուն մութ ծոցին մեջ
Կաթը կըլլա սընդիկ կամ խյուս եղիճի.
275 — Անե՜ծք... ու վե՛րն, Եըլտըզ — Քյոշկի երգին վրա
Բու մը հըսկա կը դընե բույնն իր հըսկա։

Լացե՛ք, լացե՛ք, ով հեգ Մայրեր, հեգ հարսեր,
Աստղերե ա՞ստըղ ձեր ողբանքը ձըգած՝
Այսօր մեր սև հողին վրա
280 Սա մորթըված Արշալույսները լացե՜ք.․․
Թող ձեր բիբերն ինկածներուն վրա հազար
Արտասվելեն իրենց լույսեն դատարկվին։
Վերջին լացն է. հա՞պա, խածեր ըստինքնիդ.
Հուսհատորեն դագաղներուն վրա ծըռած՝
285 Թողեր մեկտեղ կափարիչի տակ գամվին
Ծայրերը ձեր մազերուն,
Եվ խոշտանգված ձեր իգությանն իր հետին
Տըկարության մեջ փըշրի։
Օն, հառաչ մալ, արցունք մըն ալ. վերջի՜նն է.