Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Այս էջը սրբագրված է

Երկու թաթերդ երկու ամպի վրա դըրած,
Ծըռե՛ և տե՜ս. Ողորմությանդ սրտությունն
30 Հոն վարը, տե՜ս. գյուղե՜ր, գյուղե՜ր և գյուղե՜ր
Կը հըրդեհվին, և բոցն իրենց կը հասնի
Արարատեն բարձըր և բարձը՛ր քեզմե.
Ահավասիկ դաշտերուն մեջ խանձոտած
Հազարավոր խոցվածներ
35 Իրենց ջարդված կողերն ընդքարշ կը տանին․
Մեր ոսկըրները կրակին մեջ ճերմըկցած
Կը պատրաստեն ալյուրն ահա նըշխարքիդ,
Եվ մեր արյունն հորդաբուխ
Կու գա մինչև քու ըսկիհներըդ լեցնել․
40 Ճամբաներուն վըրայե
Կը լըսվի ճռի՜նչը թըշնամի սայլերուն՝
Որոնց մեջ մեղրն ու կաթը մեր կը կըրեն,
Արյունը մեր արեգակին, կյանքն հողին
Եվ արծաթները Սեղանիդ նըվիրված։
45 Վար նայի, հո՜ն. մեր թոնիրները բոլոր
Իրենց զըվարթ բոցին վըրա կը փըլչին,
Եվ կը մարի ծուխն հայրենի ծըխանին,
Եվ կը լըռե մըշակներուն երգն հանդարտ․
Ամեն հասկ իր քիստերեն վար կը կաթե
50 Արյուն, ամեն աղբյուր անցած ճամբուն վրա
Կը լըվա վերք մ՝ու ամեն
Հովազ դիակ մը դեպ որջն իր կը քաշեր.
Իսկ կիներն հոս իրենց ծունկին վրա կու լան
Երիտասարդ գըլուխներ.
55 Եվ մանուկներն ահաբեկ։
Երեխաներն անոթի
Չը գըտնելով մոր ծիծերուն մեջը կաթ՝
Զերդ նըշենվո ծաղկած ճյուղերը կիսաբեկ՝
Կը մեռնին չոր ըստինքներե վար կախված։

60 Աստվա՜ծ, Աստվա՜ծ Լուսավորչի, ներսեսի
Ուրեմն ա՞յս էր, փոխարենն ա՞յս էր միթե