Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Այս էջը սրբագրված է

Մեր աղոթքին, մեղրամոմին, կընդրուկին.․․
Արդ ունկընդրե՛, Բնության հազար փապերեն,
Սեղաններեն զոհերու
65 Զինջ աստղերեն կամ սըրտերեն մանկական՝
Ուր քեզ դողով կը պահեն՝
Ինձ ունկնդրե՛. Հանո՜ւն այն
Ժողովուրդին՝ որ քեզ սիրեց և առանց
Քու օգնությանդ խաչվեցավ,
70 Հանումն անոր որ ողջակեղ ըրավ քեզ
Ոչխարներեն ամենեն կույսն, ամենեն
Լըծընկեցն իր ցուլերուն,
Եվ իր գինին խըմորած
Սափորներու մեջ պորփյուր
75 Քու արյունիդ սահմանեց.
Հանուն անոր՝ որուն սըրտին վրա, դարեր,
Իբր ադամանդ կըռվանի
Կայծակնացոլ ոտքըդ դըրիր, ուզեցիր
Որ կըրունկիդ տակ փըշրելով
80 Եղջյուրներն իր դիմամարտ՝
Սըրբարանիդ մարմարներուն վրա միայն
Հույսին ձեթերը վառե.
Եվ հետո ա՞լ իր պաշտումեն՝ կըշտապինդ՝
Զայն, իբր Հիսուս մամպերու մեջ թողլըքած,
85 է՜լի լամա... ըրիր քացախն իր՝ թունոտ,
Կողին նիզակն՝ հաստաբուն,
Հանուն այդ հեգ Ժողովուրդի՞ն կըսեմ ես
Սա մըթընշաղ ժամուն մեջ ու՛ր որ ըլլաս,
Ո՞ր աստղին մեջ և կամ ո՞ր
90 Թուխ ամպին վրա շանթ ի բռին,
Իմ կըռուփս ըզքեզ կը գըտնե
Եվ բերանս իմ կհայհոյե՜․․․»։

— Ըսավ։ — Իր շուրջը տըղաներն ահաբեկ՝
Գլուխնին ծածկած թևերուն տակ իրենց մոր
95 Ըսկըսան լալ, և կիներն ալ աղոթել.