Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Այս էջը սրբագրված է

Բարբարոսներն այն ատեն արևուն դեմ թըքնելով՝
Մահվան սերմերը բըռած մեծախընծիղ արթնցան.
Եվ քաղաքին մեկ կեսն ալ կործանեց կեսը մյուս։
60 Յաթաղանին, բըրոցին, եղեռնավոր բոցին տակ,
Ինչ որ հանճարն էր կանգներ, զայն մոխրակույտը կըլլեց։
Արդ տաճարները ու՞ր են՝ որոնց բուրյան գըմբեթին
Ներքև ծիծառն հազիվ հազ գարնան աղոթքն էր ըրեր.
Ո՞ւր վարժոցներն ու պալատն ապագայի լույսերուն․
65 Մանուկներու ողջակեզ սըրտեր հոն խունկ կը մըխան։
Ո՞ւր բաղնիքները հըստակ, ջինջ մարմարներն որոնց մեջ
Ցոլացին կույս աղջիկներն իրենց լոգցած ժամերուն.
Ո՞ւր շիրիմներն հոյակապ, ու՞ր կոթողներն հինավուրց
Որոնց վըրա՝ Հեթումներն հաղթանակներ գըրեցին...
70 Մա՜հ և մոխի՜ր. Թըխայրյաց պատեր միայն ավասիկ
Իրիկվան մեջ կը ցըցվին բվիճակներ կանչելով։
Օտարակա՞ն, հիմակ այս Երկրին անցյալն արթընցուր
Հուշերուդ մեջ, և ուրիշ Ցեղի մը դարն ափսոսա,
Խորհե թե օր մըստորոտը Տավրոսի բնակեցավ
75 Ժիր ժողովուրդ մոր կյանքին աստվածացումը երգեց։
Իր կարավա՜նը անցավ, և տարավ միշտ հեղեղել
Բարի ցորյանն ամեն հյուղ ուր ճըրագ մհեգ կը պլպլար․
Իր կարավանը անցավ, և Տարսոնի գոհարներն
Աստղերու պես թափեցան բամբիշներուն գոգին մեջ.
80 Եվ այն ճամբան լեռընդմեջ ուրկե Գանգես արշավեց
Երիտասարդ Մակեդոնն իր շավղին վրա կանգնելով
Բագիններ՝ ուր պաշտվեցավ գեղեցիկ Միտքը Հելլեն
Աթենասի արձանին լուսակառույց ձևին տակ,
Այդ ջինջ ճամբան Ռուբինյան զավակներուն շինարար
85 Տեսավ սայլերը ճռընչող Արևելքեն Արևմուտք,
Որոնց վըրա բեռցուցած էր Հայ վաստակն աննըվաճ
Մարմարն հուռթի լեռներուն, այգիներուն հորդ գինին.
Ո՜վ նախասնունդը երգող և քանդակող ազգերուն։
Անցա՜վ հիմա բոլոր այդ գեղեցկությունը կյանքին.
90 Կըրակի Ցեղը, ավա՜ղ, ժամանակեն ավելի
Եղավ քանդող, ժանտախտեն ևս ավելի կոտորիլ,