Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Այս էջը սրբագրված է

25 Հոն, կանգնած գեղջուկն հյուղի թաց շեմին՝
Ուր կը մնա ձյունեն մաս մը տակավին՝
Կաճռե բըժոտ աչքն երկինք նայելով․
Գոմեշներն արբշիռ տաք հողին հոտեն
Մութ գոմերեն դուրս կարկառուն վիզովն
30 Աղջըկան դեմքին, գոհ, կը պոռոչեն։

Բայց Ան կը խըթե, կու տա կըռուփներ
Անոնց՝ որոնք ծույլ կը հորանջեն դեռ․
Ամպրոպի մհանգույն կանցնի անտառեն․
Եվ աչքերեն բորբ, սերմի աղբյուրներ,
35 Կը տեղա օդին փոշի մոսկեղեն,
Հովերուն մեջ՝ երգ, սըրտերու մեջ՝ սեր։

Կոճղեզներուն մեջ և սըրտուկներուն
Կը մըղե ավշի մալիքը մընչուն,
Կը ճեղքե ամեն պըտուկ, բուն, դըժնիկ,
40 Ոստերուն ծիլ ծիլ վառելով բուծին.
Եվ իր շունչին տակ, զեփյուռ անդրանիկ,
Թուփեր կը խընկեն, կը ծաղկի նըռին։

Կը լայննա կապույտն. ամպեր կաթնորակ
Իբրև կարավան մուղտերու ճերմակ
45 Մերթան տա՛ր աշխարհ, դանդաղ, լըրջահոն
Ու երբ կը մընա երկինքն ազատ՝ Ան
Կը լեցընե բլուր ծիծեռնակներ հոն,
Օրհներգու մոգերն իր արարչության։

Հետո խոնջ, մըխած իր սև մազերուն
50 Վարդ մը, առջինե՛կը դեռ վարդերուն,
Կ՝երթա. Փութալով մարգին մեջե ճոխ,
Հոն վարը հանդարտ ծաղկած նըշիի
Մը լայն շուքին տակ լուռ մունջ երազող
Բանաստեղծի մ՝հուր գիրկը կը հանգչի։