Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Այս էջը սրբագրված է

28. ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌՆԵՐ

Լեռնե՜ր, լեռնե՜ր հայրենի, անմահական դըշխոներ՝
Որոնց արփին կը դնե թագ և մըշուշն ալ պատմուճան,
Լեռներ սառե ծոցերով, գըլուխներով ձյունահեր՝
Զոր կօծանե լուսընկան։

5 Ձեր ճակատները կույս են լոկ Աստուծմե համբուրված,
Թըխակարկառ ուսերնիդ կը լվա կապույտն երկընքին.
Վիհերու մեջ ուր լիճեր կը քընանան մենակյաց,
Աստղերը սոսկ կը ծաղկին։

Քարայրներեն՝ որոնց մեջ հովը գայլի պես կոռնա՝
10 Գետեր բըխած գարնան դեմ կը գահվիժին փըրփրահեր,
Եվ կերթան ձեր ոտքերուն սըփռել գորգեր միշտ ծաղկյա՝
Ուր կը նըստին հովիվներ։

Կը սողա շանթն օձի պես ձեր գըլխուն շուրջ կրանիտե,
Որմե բռընկած կը մըխան եղևնիներ օրերով,
15 Արծիվն այդտեղ աստղերեն միայն իր կուտը կուտե,
Կը խըմե ջուրն ամպեն զով։

Օրհնյա՜լ ըլլաք, ո՛վ լեռներ, օրորոցներ ադամանդ,
Ուր մեր պապերն առջի հեղ իրենց աչքերը բացին,
Եվ վագրի մորթ մուսերնուն իջան դաշտերն արգավանդ,
20 Կըրթեցին եզը՝ լուծին։

Փայլակնաբիբ ամպրոպին մեջե — երկնի գոռ գազան —
Մեր արքաներն որսալու ելան փախչող սատրապներ․