Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Այս էջը սրբագրված է

35. ԴԵՐԵՆԻԿԸ

Դուռը կը բացվի. Դերենիկն, ահով,
Իբրև թե այծյամ մըլլար նետահար,
Մորը թևերուն մեջ կիյնա լալով.
— «Ի՞նչ ունիս տըղաս... ըսե՛ շուտ... մի լար.
5 Օ՞ձը քեզ խածավ, թե աքացեց ձին»։
— «Գըլուխը՜ս պատռեց դըրացի Ալին....»։

Եվ ան ցույց կու տա սև գանգուրներուն
Ներքև վերք մ՛ուրկե բըխելով արյունն
Հայ գըլխիկն այդ թուրք ոխով կը թըրջե։
10 Քաջ մորն հոգվույն մեջ վիհեր կը բացվին
Լեցված ամոթով. գըգվել կըրթի՞չ է
Սըրտի վրա՝ հաղթված ճակատն երկչոտին։

Պահ մ՝իր գութին խուլ կը մըղե ի բաց
Կուրծքեն գըլուխն այդ իր փոքրիկ վատին.
15 Եվ կը գոռա. «Դու՛րս... մինչև որ հաղթած՝
Արյուններդ անոր արյամբ չըմաքրին՝
Այսօր տուն չես գար։ Մատնի՛չ խնամքներուս,
Միթե վարսակի հացո՞վ սընար... Դու՜րս»։

Տըղան ամոթեն ջիկնած՝ կառարկե.
20 — «Բայց, մայրի՛կ, Ալին թուրքի զավակ է.
Աչքին մեջ հեռ կա և մեջքը փալա»։
— «Իսկ դու ալ հայ ես, և մեջքըդ ըլլա
Թող իմ մըկրատս, իլս, ի՜նչ որ կ՛ուզես... Դու՜րս»։