Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Այս էջը սրբագրված է

38. ՀԱՂԹՈՂԸ

Ահագնադռինչ բացվեցան պըղնձե դըռները Քաղքին․
Պատերազմի տաք փոշին դեպ ներս խուժեր մրըրկագին՝
Որուն միջև իր ձիուն վըրա Հաղթողն երևցավ,
Ու հառաջեց փառապանծ։ Գերիներու շարք մ՝անբավ,
5 Ասորիներ և մարեր, պարսկուհիներ թխագանգուր,
Վիզ վըզի հետ շըղթայված օղակներով ոսկեկուռ
Ետևեն լռիկ կու գային ծախվելու վաղն աճուրդի։
Ահա սայլերն ավարին՝ լի հակերով արծաթի,
Ահա թագերն անոնց մեջ և գահերու բեկորներ,
10 Գերի բերված աստվածներ, նախնիներու ոսկորներ։
Եվ Հաղթողն ի՜նք — առջևեն — միշտ ըսպիտակ ձիուն վրա
Անոնց կիշխե, կը բերե զանոնք Խաղքին իբր ընծա։
Արդեն կըռվի դաշտին մեջ զորքերը գինք պսակեցին.
Երկու թարմ ոստ դափնիի շուրջր գըլխուն դեռ կաճին.
15 Սարն իր կուշտեն կը կաթե արյուն ծորան առ ծորան.
Ճոշանին վրա կը փայլի խոժոռադեմ Գորգոնան,
Եվ իր հասակն հերոսի կը ցըցվի ա՜յնքան հըսկա՝
Որ արևն իբր ադամանդ սաղավարտին կը շողա։

Քաղքին մեջ սով կար երեկ, այսօր խրախճանքն Է համակ
20 Փողերն ահա կը հընչեն աշտարակե աշտարակ,
Ձյուն տատրակներ օդին մեջ կը դառնան հիռ և հոլով՝
Գիրգ փետուրներ լանջքերեն կույսերուն վրա թափելով։
Հաղթողին դեմ կը խուժե ամբոխն ահա զերդ ալիք․
Կը թողու հյուսն իր սըղոց, ջաղացպանն իր աղորիք.
25 Ջահրակ դարձնող պառավները կը վազեն ղողդոջուն՝
Դեռ մազերնեն չըմաքրած բուրդի ծվենները կառչուն.