Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Այս էջը սրբագրված է

Ո՛վ Բըռնապետ, սվիններուն ծայրն է այսօր՝
25 Որ փըռյուգյան գըլխարկը վե՜ր կը ցըցվի...

Ազատության տոնն ահա՛․
Ժողովուրդներ կանանչին վրա Վոսփորին
Եղբայրության խըրախճանքին են նըստեր․
Երկընքեն վար Տոթաբերի արեգակն
30 Հար կը լեցնե բաժակներուն մեջ անոնց
Արյուն մը հին հերոսներու մորթըված։

Այն ժամանակ Սին մը կապույտ աչքերով՝
Որ դարերով նըստած էր
Ավերակի մը սյունին վրա թավալած,
35 Որ կանիծեր, կամ կաղոթեր, կամ կուլար․
Քուրձ կը հագվեր, մոխի՜ր կուտեր,
Եվ մայրորեն ծիծերն ափին մեջ բըռնած՝
Անմահությունն իր անոնց մեջ կօրորեր,
Հանկարծ լըսեց հըրավերն
40 Ամբոխներուն ծովածուփ․
— «Տիկի՜ն, Տիկի՜ն, եկուր կարմիր խընջույքին․
Աքասիաները Վոսփորի ափերուն
Ամեն գարուն ուսերուդ վրա կոշկոճված
Պիտ անձրևեն ծաղիկներն իրենց քաղցրաբույր.
45 Պիտի գա ծովն համբուրել
Մինչև ծունկերդ ըսպիտակ,
Եվ վիհերեն քեզ գոհարներ պիտ՝ բերե․
Սիրենաներ՝ քեզի նաժիշտ պիտ՝ բերե.
Տիկի՜ն, Տիկի՜ն, եկուր ճերմակ խընջույքին։
50 Քեզի քացա՞խ, քեզի լեղի՞ խըմցուցինք․
Ներե՜ մեզի, ոտքիդ առջև կը փըշրենք
Նիզակն ահա և փուշպըսակը գըլխուդ․
Ներե՜ մեզի և եկուր,
Եկուր կարմիր խընջույքին»: